Ռուսաստանը Հայաստանից դուրս չի գա. Կրեմլն արձագանքել է Փաշինյանին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն հնարավոր չէ համաձայնել ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին թեզերին, գրում է РИА Новости-ն։
Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որում, մասնավորապես, հայտարարել էր, թե իբր Ռուսաստանը դուրս է գալիս հենց Լեռնային Ղարաբաղից։
«Ռուսաստանն այս տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ հեռանալ, Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։