29.06.2026
Սանոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը
10.08.2023
Սանոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից: Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր հարաբերությունները լավ տեմպերով զարգանում են, բայց առկա է մեծ ներուժ այլ ուղղություններով ևս հարաբերությունները զարգացնելու, խորացնելու համար»,- ասել է նախարարը՝ ընդգծելով հատկապես էներգետիկ ոլորտում առկա համագործակցության կարևորությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Նախարարը կարևորել է ծրագրերը սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։ Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն։ Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վրաբերող հարցեր։