Արցախի նախագահականից հերքեցին լուրերը, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ Անվտանգության խորհրդի նիստում տեղեկացրել է, թե որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առևտուր անելու: Մամուլի հրապարակումների համաձայն՝ առևտուրն այդ ճանապարհով լինելու է մասնակի, այնտեղով կմտնեն շինանյութ, դիզելային վառելիք, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով։ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Tert.am-ին հայտնեց, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ տեղի չի ունեցել։ Մամուլի խոսնակի տեղեկացմամբ՝ օգոստոսի 22-ին և 23-ին Արայիկ Հարությունյանը փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ «Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները, Արցախի իշխանությունների անելիքները և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ տարբեր կենտրոններից ստացված միջնորդական առաջարկները: Որևէ որոշում չի կայացվել, իսկ քննարկումները շարունակվում են, և նախագահ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկությունները հանրայնացնելու է անձամբ»,- մանրամասնել է Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահը կարևոր էր համարել Աղդամով հումանիտար մատարակարարումներ իրականացնելու Ադրբեջանի պատրաստակամությունը՝ միաժամանակ շեշտելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ՝ Լաչինի ճանապարհը պետք է բացվի։ Իսկ Նիկոլ Փաշինյանն այս հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հստակեցրել էր, որ ինքը Միշելի և Ալիևի հետ Աղդամի ճանապարհի հետ կապված քննարկման չի մասնակցել։