7.09.2025
Սարգիս Խանդանյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են ԵՄ դիտորդների առաքելության տեղակայումը
24.03.2023
Սարգիս Խանդանյանն ու Լեհաստանի դեսպանը քննարկել են ԵՄ դիտորդների առաքելության տեղակայումը

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 24-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին, որն ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը: Սարգիս Խանդանյանն արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում, որն ուղղված է եղել հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը: Միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում կողմերն արժեւորել են բարեկամական խմբերի սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն արդյունավետ է համարել նախորդ տարի Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի` Լեհաստան այցի ընթացքում լեհ գործընկերների հետ կայացած հանդիպումները: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ մշտադիտարկման առաքելության տեղակայման վերաբերյալ` Սարգիս Խանդանյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի կառավարությանը` առաքելություն տեղակայելու որոշմանն աջակցելու համար` համոզմունք հայտնելով, որ այն էական դերակատարություն կունենա տարածաշրջանում խաղաղություն եւ անվտանգություն հաստատելու գործում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պավել Չեպլակը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցության խորացումը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաեւ առաջիկայում Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի` Հայաստան նախատեսվող այցին վերաբերող հարցեր: