28.11.2024
«Գորշ գայլերը» Քյոլնում ստիպել են քանդել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հնարավոր խաղաղության պայմանագրի սկզբունքները

Ադրբեջանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում Հայաստանը փորձելու է պարզաբանումներ ստանալ, թե արդյոք Ադրբեջանը համաձայն է խաղաղության պայմանագիր կնքել Եվրոպական Միության միջնորդությամբ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, հաղորդում է «Արմենպրես»-ը:


Նա նշել է, որ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ, թե, ի վերջո, Ադրբեջանը համաձա՞յն է, վերահաստատու՞մ է երեք սկզբունքների շուրջ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության հետ։


«Այդ երեք սկզբունքները համաձայնեցվել են մայիսի 14-ին ու հուլիսի 15-ին Եվրամիության խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ եռակողմ հանդիպումների արդյունքներով։ Այդ սկզբունքներից առաջինը հետևյալն է՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն՝ այն ըմբռնմամբ, որ Հայաստանի տարածքը 29 հազար 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 հազար 600 քառակուսի կմ։ Երկրորդ սկզբունքը հետևյալն է, որ դելիմիտացիայի գործընթացի քաղաքական հենքը Ալմաթայի հռչակագիրն է։ Իմիջայլոց, հենց Ալմաթայի հռչակագիրն է հիմնավորումը, թե ինչու ենք մենք ասում, որ Հայաստանի, այսպես ասած, տիտղոսային տարածքը 29 հազար 800 քառակուսի կմ է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության անկախանալու միջոցով։ Այսինքն՝ ՀԽՍՀ տարածքով ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունը։ Ալմաթայի հռչակագրով այն ստորագրած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Հայաստանը և Ադրբեջանական Հանրապետությունը, արձանագրել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը և սուվերենությունը»,- մանրամասնել է վարչապետը՝ հավելելով, որ այս սկզբունքի հետագա զարգացման ընթացքում ձեռք է բերվել ըմբռնում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի համար պետք է օգտագործվեն 1974-ից 1990 թվականների Խորհրդային Միության ԶՈՒ գլխավոր շտաբի քարտեզները։


Երրորդ սկզբունքը երկրների իրավազորության, սուվերենության հարգմամբ, փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է։


«Հիմա, եթե վերլուծենք հայտարարությունները, հստակ չէ, չենք կարող վստահաբար պնդել, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ երեք սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքել, բայց նաև չենք կարող վստահ ասել, որ Ադրբեջանը վերահաստատում է իր հավատարմությունը այդ երեք սկզբունքներին։ Անհրաժեշտություն կա բանակցությունների ընթացքում այս հարցերը և նրբությունները պարզաբանել»,-ասել է վարչապետը։


«Ինչպես գիտեք, գոնե քարտեզների և սահմանների մասով քննարկում նախատեսված է սահամնագծման հանձնաժողովների ֆորմատով։ Ինչպես սահմանագծման հարցերով նախատեսվող քննարկումներից, այնպես էլ, եթե էլի բանակցություններ լինեն, հետևություններ կարվեն, թե արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե՞ հրաժարվում է դրանցից»,- նշել է Փաշինյանը։


Նրա դիտարկմամբ՝ չնայած Ադրբեջանը հայտարարել է, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունեն՝ ՀՀ տարածքային ամբողջականություն ասելով։ «Այս հարցերի պարզաբանումն առաջիկա բանակցային գործընթացների հիմնական խնդիրն է, որը մենք պետք է փորձենք լուծել»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։