VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով գնալուց հետո սահուն ինտեգրվել է Հայաստանի իշխանություններին: Իհարկե, խոսքը ոչ բարձրաստիճան շրջանակների մասին է, քանի որ Արցախից գալուց հետո մինչ օրս նա Փաշինյանի ընդունելությանը չի արժանացել, այլ միջին օղակների, որոնք Շահրամանյանի գլխի տակ փափուկ բարձ են փորձում դնել եւ Արցախի հարցը նրա տնօրինությունից հանել: Որքան էլ նա հավատարմության երդումներ տա իշխանությանը, նրա նկատմամբ անվերապահ վստահություն չի լինելու: Այս շրջանակների խնդիրը Շահրամանյանին խաղից դուրս բերելը եւ Սամվել Բաբայանին առաջ մղելն է` արցախցիների հարցերում «կարգադրիչ» նշանակելով։ Վերջերս էլ Բաբայանն ու Շահրամանյանը հանդիպել են՝ քննարկել արցախցիների՝ Արցախ վերադառնալու խնդիրը: Բաբայանը կրկին պնդել է, որ իրեն լիազորեն Ադրբեջանի հետ բանակցել, որպեսզի վերադարձի հարցը փորձեն լուծել: Իսկ եթե դա չի ստացվում, ապա փորձեն նրանց կոմպակտ տեղավորել Սյունիքում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Նիկոլ Փաշինյանը երկար ընդմիջումից հետո վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարվա մայիսից Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել էր Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, քանի որ կառավարության իր աշխատասենյակում վերանորոգումներ էին ընթանում: Թեեւ ավելի վաղ մեզ կառավարությունից հայտնել էին, որ վերանորոգման աշխատանքները պետք է դեռ սեպտեմբերին ավարտած լինեին, բայց վերանորոգման աշխատանքները, փաստորեն, երկար են տեւել՝ հասնելով մինչեւ դեկտեմբեր: Սա իր հերթին անհարմարություն էր պատճառել նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը թեեւ օրնիբուն աշխատելու իր ձգտումով աչքի չի ընկնում, բայց դժգոհել էր, որ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է իր նստավայր, ու ինքը ստիպված է եղել ժամանակավոր լքել աշխատավայրը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարությունից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն արդեն վերադարձել է կառավարություն՝ իր նստավայր, ու իր գործառույթներն այնտեղից է իրականացնում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով կալանավորված Արա Բադոյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Նա կալանքի տակ կմնա մինչեւ 2024թ. մարտի 2-ը, եթե նոր որոշում չկայացվի: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվել են զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող՝ զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է: Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն, որը հավածել է Արարատ Միրոզյանին: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե, իբր, Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ եւ վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը:
Անհասկանալի է՝ որ տեսագրությունն է Ազգային անվտանգության ծառայության ձեռքում հայտնվել, եթե մինչ այս եղած, ստուգված բոլոր տեսանյութերում չի երեւում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը: Նկատենք, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը: Տեսագրության մեջ տեսանելի չեն նաեւ Արա Բադոյանի ոտքերը։ Քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված առաջնորդնելով, զուտ ենթադրությամբ արձանագրել է. «(…) ըստ ընդհանրական շարժի՝ ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)»։ Մեկ կարեւոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»: Այսպիսով ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որեւէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն վերջինս շուրջ մեկ ամիս մնաց կալանքի տակ: Այնուհետեւ վերջինս մի քանի ամիս առաջ ազատ էր արձակվել, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը կրկին 3 ամսով կալանավորման որոշում է կայացրել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. Նախօրեին Ազգային ժողովում քպականները բառիս բուն իմաստով «վրաերթի» ենթարկեցին իրենց իսկ կառավարության անդամին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին: Իսկ առիթը Հաշվեքննիչ պալատի զեկույցն էր, որտեղ արձանագրված էր, որ ԲՏԱ նախարարությունը ձախողել է մի շարք նախաձեռնություններ ու ծրագրեր: Սա, կրկնենք, առիթն էր, իսկ պատճառը, «Փաստ» թերթի տեղեկություններով, այլ է: Բանն այն է, որ Ռոբերտ Խաչատրյանը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում», քանի որ չի կատարել վերջինիս հանձնարարությունը՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ։ Ինքը՝ նախարարը, նույն օրը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու հարց չի քննարկվել, քանի որ դա սխալ կլիներ։ Նրա խոսքով, ռուսական կողմն ընդունել է խախտումների փաստը և խոստացել դրանք վերացնել:
Ի դեպ, նույնի մասին մի քանի օր առաջ հաղորդագրություն էր տարածել ԲՏԱ նախարարությունը, սակայն ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը և մասնավորաբար նշել, թե «Հայաստանը ռուսական հեռուստաալիքների կողմից միջպետական համաձայնագրի խախտման վերաբերյալ փաստաթղթային ապացույցներ չի ներկայացրել»։ Ըստ մեր աղբյուրների, Նիկոլ Փաշինյանը զայրացել է Ռոբերտ Խաչատրյանի այս ինքնիրավչությունից և մտադիր է պաշտոնանկ անել թե՛ նրան, թե՛ այս հարցով զբաղվող նրա տեղակալ Ավետ Պողոսյանին։ ԲՏԱ գործող նախարարը, սակայն, անգործ չի մնա և, հնարավոր է, տեղափոխվի նախագահական. մեր աղբյուրները նշում են, թե նա կարող է նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի կողմից բռնի իշխանազավթումից հետո Ալավերդիում նոր «պրոցեսներ» են ընթանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, համայնքապետ կարգված Դավիթ Ղումաշյանը փորձում է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանի թիմակիցներին իր կողմը բերել՝ տարբեր առաջարկներ անելով։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոչ միայն Արկադի Թամազյանի թիմակիցները, այլ նաև համայնքապետարանի բազմաթիվ աշխատակիցներ չեն պատրաստվում համագործակցել, ինչպես քաղաքապետարանում են ասում, խայտառակ ձևով իշխանության եկած անձնավորության հետ։ Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, Ղումաշյանը համայնքապետի 1-ին տեղակալ, ՀԱԿ անդամ Տիգրան Պապոյանին նույնպես փորձել է ճամբարափոխ անել, սակայն ՀԱԿ սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել, և Պապոյանը Թամազյանի հետ պայքարելու է վերականգնելու արդարությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. Գրել էինք, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն Ամանորին ընդառաջ Ձմեռպապի դեր է ստանձնել եւ ՆԳՆ աշխատակիցների երեխաների համար ամանորյա մանկական ներկայացումների տոմսեր է գնել, որոնց սցենարը պետք է համաձայնեցվեր ոստիկանության հետ։ Պարզվում է՝ Վահե Ղազարյանը ոչ միայն երեխաների, այլեւ ՆԳՆ աշխատակիցների համար է Ձմեռպապ՝ նա «նվեր-պարգեւներ» է ձեռք բերել, որոնցով պետք է ինչ-որ անձանց, հավանաբար՝ համակարգի աշխատողներին պարգեւատրի։ «Նվեր-պարգեւները» շոկոլադե կոնֆետներ են, 1 տուփի արժեքը՝ 600 դրամ, ձեռք է բերվել 7 հազար 500 հատ՝ 4 մլն 500 հազար դրամ արժողությամբ։ Հետաքրքիր կլինի, եթե պարզվի, որ 600 դրամանոց կոնֆետները կարմիր բերետավորների համար են նախատեսված։
«Փաստ» օրաթերթը գրում է. Կանխատեսվում է, որ հաջորդ տարի օրվա իշխանությունները բերելու են օրենքի նախագիծ, որ ամբողջ կրթական և առողջապահական ոլորտը հարկեն: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ հավելելով.«Սա նշանակում է հիվանդանոցային ծառայությունների, համալսարանների և վճարովի մանկապարտեզների ու դպրոցների վճարների 20 տոկոսով թանկացում»: Սարգսյանը շեշտում է, որ հիմա Հայաստանում առողջապահական և կրթական ոլորտները ավելացված արժեքի հարկից ազատված են, որպեսզի ծառայությունները շատ ավելի մատչելի և հասանելի լինեն, որովհետև դրանք կարևորագույն ոլորտներ են մեր երկրի համար, և դրանց հարկային որոշակի խթանիչներով ստիպում են զարգանալ: Ընդհանրապես, Աուդիտորների պալատի նախագահի խոսքով, եթե տնտեսությունն ամբողջ ծավալով չի աշխատում, մի բան էլ իր թողարկած արտադրանքը չի ավելացնում, զուգահեռ վերարտահանումների բոլոր խողովակները փակվում են, սա նշանակում է, որ բյուջեի եկամտային մասի կատարմանը մնում է երկու տարբերակ՝ հարկադրույքների բարձրացում կամ գնաճ:
«Ընդհանուր ապրանքների և ծառայությունների գները պետք է բարձրանան, որի արդյունքում ավելի հարկ կհավաքագրվի, կամ գները կբարձրացնեն չնչին կամ չորս տոկոսի՝ ընդունելի մակարդակում, որը նախատեսված է «Բյուջեի մասին» օրենքում: Մեր կանխատեսմամբ, երկուսն էլ լինելու է: Սկսեցին դիվիդենտի հարկման մասով, շատ ուժեղ կռիվ տվեցինք մասնագիտական համայնքով, և կոնսենսուսային տարբերակն ընդունվեց, այսինքն՝ մի մասի համար հինգ տոկոսները կավելանան հաջորդ տարի, մյուս հատվածի համար չեն ավելանա: Դեռևս օրենքի նախագծեր կան, որ, կարծում եմ, մի քանի օրից կբերեն ընդունելու: Դրանք են՝ տույժերի և տուգանքների կրկնապատկումը հարկային չարաշահումների դեպքում: Ավելացել է Ֆեյսբուք սոցիալական ցանցով գովազդի միացման հարկը, որը բնակչությունից ուղիղ ձևով է հավաքագրվում, Վայլդբերիզն է հարկվում, այսինքն՝ ցանկացած պատվերի դեպքում 20 տոկոսով ավելի հավաքում ենք ժողովրդից և վճարում բյուջե, և այլն»,-նշեց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ 2024 թ. բյուջեն ինքնին դժվար իրականանալի է:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։ «Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երեւանին հաջորդում են Լոռու եւ Սյունիքի մարզերը։ Հավելենք նաեւ՝ 2022 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4 տարի։ Այն զգալիորեն ավել է, քան 2002 թվականին, երբ կանանց ամուսնության միջին տարիքը 23.2 տարին է, իսկ 2012 թվականին համապատասխանաբար 25.3 եւ 28.8 տարին։ Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ։ Երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են՝ գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաեւ առկա են դեպքեր 2-րդ եւ այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում։ Ընդգծենք եւս մի փաստ. 2020 թվականից հետո քաղաքային բնակչության շրջանում կտրուկ նվազել է պտղաբերության գործակիցը, իսկ գյուղերում՝ ավելացել։ Այս տվյալները եւս հավաքագրված են օրենքով հաստատված փաստաթղթային գրանցման դեպքում»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրային պաշարներով եւ ունի տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարները, այդուհանդերձ, անհրաժեշտ է ջուրն օգտագործել խելամիտ։ Արցախը թշնամուն «նվիրելուց» հետո Հայաստանը կորցրեց նաեւ Մեծ եւ Փոքր Ալ լճերը, որոնք համարվում էին Հայաստանի բնական ջրային ամենամեծ աղբյուրները։ Ստացվում է, որ Հայաստանը զրկվեց խոշոր եւ առատ ջրային աղբյուրներից։ Կորցնելով ջրային աղբյուրներից խոշորագույնը՝ Հայաստանում 2022 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 3 մլն 71 հազար խորանարդ մետր։ 2018 թվականին ջրառը աղբյուրներից կազմել է 2 մլն 714 հազար մետր խորանարդ, որը եթե համեմատենք 2022 թվականի հետ, ապա կտեսնենք, որ Հայաստանում աղբյուրներից ջրառը ավելացել է գրեթե 1 մլն խորանարդ մետրով։ Այսինքն՝ ոռոգման կամ այլ նպատակների համար օգտագործվող ջրի քանակը ավելացել է, բայց նվազել է ՀՀ ջրային ֆոնդն ապահովող աղբյուրների մի մասը։ Դա է պատճառը, որ ձուկ արտադրողներին ստիպում են փակել ձկնաբուծարանները»: