30.06.2025
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը․ Ռուբինյան
15.02.2023
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը․ Ռուբինյան

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ամփոփել է Անկարայում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքները, գրում է «Արմենպրես»-ը։ Ռուբեն Ռուբինյանն ընդգծեց, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վերականգնել Անիի կամուրջը: «Այսօր ես և Արարատ Միրզոյանն այցելել ենք Անկարա և հանդիպել ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարին: Այնտեղ ֆիքսվեց, որ համատեղ ջանքերով կվերականգնվի Անիի կամուրջը, որի մի մասը գտնվում է Հայաստանում, մյուս մասը Թուրքիայում»,- ասաց Ռուբինյանը: Անդրադառնալով Մարգարայի կամրջի հարցին՝ Ռուբինյանն ընդգծեց, որ արդեն փորձով ապացուցվել է, որ այդ կամուրջը նորմալ վիճակում է՝ շեշտելով, որ Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ գործընթացն արագացնելու վերաբերյալ: Հարցին՝ նախանշված ե՞ն, թե առաջիկայում ինչ հանդիպումներ են լինելու, Ռուբինյանը պատասխանեց. «Ոչ, այս պահին ոչ»: Իսկ հարցին՝ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների առաջիկա հանդիպումների հետ կապված փոխայցելություններ կլինե՞ն, թե՞ ոչ, Ռուբինյանն ասաց, որ այս պահին նման պայմանավորվածություններ չկան: