1.05.2024
Զոհրաբ Մնացականյանը Բիշքեկում կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը
prev Նախորդ նորություն

Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է. ՀՅԴ

Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները և, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կրկին մեր հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ:


Այն ներկայացնում ենք ստորև.


ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կատարել է հետևյալ արձանագրումները.


- Տարբեր հարցերի վերաբերյալ իշխանությունների չկշռադատված, խնդրահարույց և տարակուսանքի տեղիք տվող որոշումները, այլակարծության ագրեսիվ մերժումը թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ստեղծում, ինչը ջլատում է մեր ժողովրդի հավաքական ներուժը։


- Քաղաքական, հանրային դաշտում դավադիրներ և դավաճաններ փնտրելու մտասևեռումը հարվածի տակ է դնում մեր ազգային անվտանգությունը, համերաշխությունը, Հայաստան-Արցախ միասնությունն ու մեր պաշտպանական համակարգը։


- Վերջին մեկ տարում երկրի քաղաքական իշխանությունն ուներ բավարար լեգիտիմություն, իսկ 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո լիակատար հնարավորություն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` դատաիրավական համակարգում (դատարաններ, դատախազություն, քննչական մարմիններ, ոստիկանություն) սկսելու բոլորիս կողմից այդքան սպասվող բովանդակային և խորքային փոփոխությունները։


- Ըստ էության չիրացնելով գործող Սահմանադրությամբ և ՀՀ օրենսդրությամբ վարչապետին վերապահված լայն լիազորություններն ու պարտականությունները՝ Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն։


- Դեռևս մեխանիզմներով և բովանդակությամբ անորոշ անցումային արդարադատության նպատակների համար դատական իշխանության կազմաքանդումը վտանգում է մեր երկրի արդարադատության համակարգը։


«Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ. Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող. սխալ ճանապարհով ճիշտ հանգրվանի չենք հասնի։


Ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատերը առաջին հերթին իշխանություններն են։ Այնուամենայնիվ, ոչ ոք իրավունք չունի դիտորդի կարգավիճակով փաստելու, թե ինչպես է մաշվում ու հյուծվում պետությունը, թե ինչպես է ոչ խոհեմ գործելաոճն ու քաղաքական վարքագիծը սասանում մեր պետականության հիմքերը։ Համախմբվելու և այս անհեռանկար ընթացքը կասեցնելու ժամանակն է։


Դաշնակցությունը նախաձեռնում է բոլոր կողմերի հետ քննարկել իրավիճակը լիցքաթափելու, պետականաշինության գործընթացը բնականոն հուն տեղափոխելու, ժողովրդի ակնկալած բարեփոխումներն իրականություն դարձնելու ուղիները։


Մայիսի 23-ին, ժամը 19:00-ին ՀՅԴ-ն հրավիրում է հանրահավաքի՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները», - ասված է հայտարարության մեջ:


 

Գործարքների թիվն աճել է 6.9%-ով, գները՝ 0.8%-ով. իրավիճակը ՀՀ անշարժ գույքի շուկայում
Հաջորդ նորություն next