Դատարկ դրամապանակներ՝ կառավարությանը. Երևանում հերթական բողոքի ակցիան է

359

ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» շարժումն այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց՝ պահանջելով գործադիրից Ազգային ժողովից ետ կանչել Հարկային նոր օրենսգրքի նախագիծը:

Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ այդ փաթեթը տանում է դեպի հասարակության ավելի բևեռացվածություն՝ հարստին հարստացնելու, աղքատին ավելի աղքատացնելու:

«Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը չեղարկի դրանում եկամտային հարկի համահարթեցման սկզբունքը: Աշխարհի երկրների 95 տոկոսը պրոգրեսիվ համակարգով են իրականացնում հարկումը իրենց քաղաքացիներից: Չենք հասկանում՝ ո՞րն է համահարթեցման նպատակը Հայաստանում, երբ բոլոր պետությունները, որոնք դրան անցել էին, վերադարձել են: Օրինակ, մեր հարևան Վրաստանը փորձում է վերադառնալ պրոգրեսիվի, սակայն չի ստացվում»,- հայտարարեց շարժման ակտիվիստներից մեկը:

Նա նաև տեղեկացրեց, որ ակցիայի մասնակիցները նամակ են հանձնելու ՀՀ կառավարությանը՝ պահանջելով ետ կանչել Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը խորհրդարանից:

Վերջում նախաձեռնության անդամներն ի նշան բողոքի՝ միջինից ցածր աշխատավարձ ստացողների եկամուտը խորհրդանշող դատարկ դրամապանակներ նետեցին կառավարության շենքի մուտքի մոտ։

«Այսպիսով մենք ուզում էինք ցույց տալ, որ միջին և բարձր խավին համահարթեցումն ավելի կաղքատացնի։ Կարծում ենք, որ կառավարությունը կվերանայի համահարթեցման դրույթը կամ կթողնի պրոգրեսիվ հարկատեսակը, կամ կառաջարկեն մի տարբերակ, որը արդյունավետ կլինի բոլոր խավերի համար»,– լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Անուշ Համբարձումյանը։


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...