ՌԴ-ն կողմ է «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը այդ թվում ԼՂ-ում. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կողմ է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակմանը այդ թվում ԼՂ հակամարտության դեպքում:


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Լավրովը ապրիլի 30-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով գերիների փոխանակման օգտին՝ հակամարտության գոտիներում վստահության հաստատման համար:


«Մենք միշտ էլ բոլոր դեպքերում հանդես ենք գալիս նման իրավիճակների սպառիչ մարդասիրական լուծման օգտին, ներառյալ աճյունների փոխանակումը, ռազմագերիների, պահվող անձանց փոխանակումը «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով,- շել Է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: - Եվ մենք գտնում ենք, որ դա կնպաստի հակամարտության գոտիներում վստահության մթնոլորտի հաստատմանը՝ լինի դա Լեռնային Ղարաբաղում, լինի Ուկրաինայի հարավ-արեւելքում»:


Նախարարը հիշեցրել է, որ այդ սկզբունքն է դրված նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորման Մինսկի համաձայնություններում:


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջերս կայացած հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են կազմակերպել երկու կողմերում գտնվող գերների հարազատների փոխյացելություններ:


Ներկայում Ադրբեջանում գերության մեջ են գտնվում Հայաստանի քաղաքացիներ Կարեն Ղազարյանը, Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը։ Հայկական կողմում են Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը։ Վերջիններս ձերբակալվել են 2014 թվականին՝ Արցախի տարածքում: Արցախյան դատարանը Ասկերովին ցմահ ազատազրկման է դատապարտել, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով մի շարք ծանր հանցագործություններում՝ լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, առևանգման, սպանության հոդվածներով։ Այս տարվա փետրվարին Արցախում պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն։


Այնուամենյանիվ Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը կարծում է, որ արտգործնախարարների մակարդակով ավելի վաղ ձեռք բերված՝ պատանդների հարազատների փոխայցելությունների կազմակերպման մասին պայմանավորվածությունը կարող է վերջ ի վերջո հանգեցնել նրանց փոխանակման: Խոսքն ապագայի մասին է, նշում է նա, ու հավելում.


«Հայկական կողմերը, հատկապես Արցախը, չեն ցանկանում լսել սրա մասին: Հայկական կողմի փաստարկը շատ պարզ ու տրամաբանական է, որ չենք կարող մեր մոլորված տղային փոխանակել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Սա հասկանալի է: Նշվում է նաեւ, որ այսպես երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջան», - նշում է փորձագետը, բայց միեւնույն ժամանակ հավելում, որ հակմարտության պատմության ընթացում՝ ինչպես բուն ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ դրանցից հետո, տեղի են ունեցել հարյուրավոր փոխանակումներ:


«Որեւէ մեկը չի նստել հաշվել, թե հարյուրավոր փոխանակվածներից որն է եղել մարդասպան, իսկ որը՝ խաղաղ բնակիչ, որն է եղել մոլորված գյուղացի, որը՝ կոմբատանտ», - նշում է նա:


Նրա խոսքով, նման հարցերին կարգավորման գործընթացում վերջ ի վերջո տրվում են քաղաքական լուծումներ: «Որքան էլ որ դա ցավալի լինի կողմերից որեւէ մեկի համար: Տրվում են այդ լուծումները, եթե, իհարկե, կողմերը համաձայնության են գալիս», - նշում է փորձագետն ու հիշեցնում 1996 թ-ին գերիների ամենամեծ փոխանակության մասին: «Այդ ժամանակ (այժմ հանգուցյալ) Պրիմակովը 100-ից ավելի պատանդների փոխանակում կատարեց: Նա Ադրբեջանից բերեց 30-ից ավել հայերի, իսկ այստեղից տարավ 70-ից ավելի ադրբեջանցիների: Մենք վստա՞հ էինք, որ այդ 70-ից ավել ադրբեջանցիների մեջ չկային մարդասպաններ», - այս հարցադրմամաբ եզրափակում է իր խոսքը Թաթուլ Հակոբյանը:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...