ՀՀ-ն Իրանին պետք է առաջարկի տնտեսական կապերի խորացման նոր փաթեթ

277

Առաջիկայում նախատեսվում է ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին նշվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիի միջև հանդիպմանը:


ՀՀ-ի իշխանությունները պետք է առաջին հերթին խրախուսեն հայ-իրանական տնտեսական կապերը` ազատ տնտեսական գոտիներում ներդրումները, իրանական կապիտալը պետք է իր յուրահատուկ տեղն ունենա հայկական տնտեսության մեջ:


Երկկողմ ձեռնարկությունների ստեղծումը պետք է դիտվի որպես առաջնահերթություն: Հայ-իրանական քաղաքական հարաբերությունները միշտ էլ եղել են բարձր մակարդակի` Թեհրանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել ղարաբաղյան հարցում, սակայն տնտեսական բաղադրիչն երկկողմ հարաբերությունների միշտ էլ զիջել է քաղաքականին:


Ադրբեջան-Իրան հարաբերությունները նոր թափ են ստանում՝ ստեղծվում են մեքենաների արտադրության, դեղագործական և այլ համատեղ ձեռնարկություններ Ադրբեջանի տարածքում, կյանքի է կոչվում Իրան-Ադրբեջան երկաթգիծը, ստեղծվում է երկկողմ ներդրումներ խրախուսող հիմնադրամ և այլն:


Բաքուն, չնայած ռազմական սերտ կապերի մեջ է Իրանի հակառակորդ Իսրայելի հետ, սակայն ադրբեջանա-իրանական հարաբերությունների տնտեսական բաղադրիչը այս վերջին տարիներին զարգանում է արագ տեմպերով: Սա մրցակցություն է և Երևանը պետք է նոր առաջարկություններով հանդես գա Թեհրանին հասցեագրված` տնտեսական հարաբերությունների ու համատեղ խոշոր տրանսպորտային, էներգետիկ նախագծերի կյանքի կոչման համար:


Սակայն Բաքուն մտահոգված է հայ–իրանական և հայ–վրացական տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր ծրագրերով, քանի որ դա չեզոքացնում է Բաքվի՝ ՀՀ–ն տարածաշրջանում մեկուսացնելու տնտեսական, քաղաքական էֆեկտը։


Ինչ վերաբերվում է Բաքվի հնարավոր քայլերին, ապա Ադրբեջանը կարող է ավելի բարենպաստ պայմաններ տրամադրել իրանցի բեռնափոխադրողներին, ինչպես նաև արտոնյալ պայմաններ տրամադրել իրանական ապրանքներին, որոնք կտարանցվեն Իրանից դեպի Վրաստան, ինչպես նաև Վրաստանից դեպի Իրան–Պարսից ծոց’ադրբեջանական տարածքով։


Դա կարող է արվել հայ–իրանական տարանցման միջանցքն տնտեսական առումով ոչ շահավետ դարձնելու համար՝ իրանցի և վրացի գործարարները, հատկապես փոխադրողները, կարող են հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանով տարանցումը կունենա լրացուցիչ ծախսեր՝ ենթակառուցվածքների որակի, «Հյուսիս–Հարավի» անավարտ լինելու և Սյունիքի ռելիեֆի պատճառով։

Տպել

Թեմայի այլ նորություններ