Ավստրալիայի խորհրդարանն առաջին անգամ կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչման հարցը

219

Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարան) հունիսի 25-ին առաջին անգամ կքննարկի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ առաջարկը: Այդ մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը (ANC-AU):


Ճանաչման վերաբերյալ առաջարկին սատարում են Հյուսիսային Սիդնեյը ներկայացնող պատգամավոր Թրենտ Ցիմերմանն ու Բենելոնգը ներկայացնող պատգամավոր Ջոն Ալեքսանդրը: Ըստ առաջարկի, Ավստրալիան պետք է ճանաչի նաև «այն ժամանակվա նորաստեղծ Ավստրալական ընկերակցության արտակարգ հումանիտար ջանքերն, ուղղված Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերին և այլոց, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա փոքրամասնությունների, այդ թվում հույների և ասորիների աջակցությանը»:


Ցեղասպանության ճանաչման համար շարժմանը սատարում են կոալիցիոն կառավարության անդամները, ինչպես նաև Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը՝ Ավստրալիայի և ՀՀ միջև խորհրդարանական խմբի համանախագահներ Ցիմերմանի և Ջոել Ֆիտցգիբոնի գլխավորությամբ:


Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հույս է հայտնել, որ քննարկումն արդյունավետ կանցնի և կարտացոլի Ավստրալիայի կամքը՝ «ճանաչելու Ավստրալիայի պատմության մի կարևոր դրվագ, որը տևական ժամանակ գաղտնի է պահվել օտարերկրյա բռնապետության հրահանգով»:


«Մենք հուսով ենք, որ բանավեճի մասնակիցների մեծամասնությունը կարևոր քայլ կկատարի և կճանաչի, որ Ավստրալիայում հումանիտար օգնության առաջին խոշոր միջազգային ջանքերն ուղղված են եղել ցեղասպանությունը վերապրածներին օգնելուն, որին զոհ են գնացել քրիստոնյա հայերը, հույներն ու ասորիները»,-ասել է Կայսերյանը:

Տպել

Թեմայի այլ նորություններ