Նիկոլ Փաշինյանն ու Մանե Թանդիլյանը պայմանավորվել են

686

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականը. նրանց միջև  ձեռք է բերվել պայմանավորվածություն: Այս մասին վարչապետն ասաց կառավարության այսօրվա նիստում:  


«Չեմ ընդունել հրաժարականը: Քննարկումների արդյունքում որոշել ենք համատեղ շարունակել աշխատանքը և նաև աշխատել այն խնդրի վրա, որը բուռն քննարկումների տեղիք է տալիս ոչ միայն կառավարությանը, այլ նաև հանրությանը: Խոսքը կուտակային կեսնաթոշակային պարտադիր համակարգի մասին է», - ասաց վարչապետը:


Նրա խոսքով, ինչպես և նախկինում պայմանավորվել էին, պետք է աշխատեն  այդ համակարգը հետագայում առավել ընդունելի, ընկալելի, հուսալի դարձնելու համար, որպեսզի վստահություն լինի, որ ճիշտ ճանապահով են գնում: Այլ կերպ ասած՝ փորձել են ժամանակ շահել և առանց ցայտնոտի շահագրգիռ քննարկում ունենալ:


Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ համակարգը իսկապես լրջագույն բարելավման կարիք ունի, այնպես որ պայմանավորվել են Մանե Թանդիլյանի և կառավարության մյուս անդամների հետ աշխատել հանրության հետ և առաջիկա երկու ամսում ունենալ խնդիրների ցանկ:


Իր հերթին Մանե Թանդիլյանն ասաց, որ իր հրաժարականի պատճառը սկզբունքների անհամաձայնությունն է եղել, բայց  ուրախ է, որ վարչապետն անդրադարձավ այդ սկզբունքների փոփոխության անհրաժեշտությանը:


«Ես պատրաստ եմ կարճ ժամկետներում ներկայացնել նախագիծը գործընկերներին, հանրության քննարկմանը ներկայացնելու համար: Հույս ունեմ, որ լուծումները հունվարից մեկից կգործարկվեն», - հավելեց նա:


Հիշեցնենք, օրեր առաջ Թանդիլյանը հայտարարել էր, որ հեռանում է նախարարի պաշտոնից և Լուսավոր Հայաստանից: Պատճառը կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման հետ իր անհամաձայնությունն էր:

Տպել

Загрузка...