Մամուլ. Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը

410

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ դեկտեմբերի 9-ին Սերժ Սարգսյանի ունեցած ծավալուն ելույթը նախընտրական ելույթի տրամաբանություն ուներ: Աս մասին քաղաքագետն ասաց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ խոսելով Սարգսյանի ելույթում հնչած գնահատականների մասին: «Հաշվի առնելով, որ 2018 թվականի ապրիլից հետո այսօրվա նման նախագահ և վարչապետ չի լինելու, լինելու է պետության մի դեմք, որը պատասխանատու է լինելու այսօրվա վարչապետի և նախագահի գործողությունների համար: Այսինքն՝ և՛ տնտեսության համար, և՛ արտաքին քաղաքականության: Դա պետության առաջին դեմքի ելույթ էր, և դա ընդամենը իմ պատկերացմամբ նախընտրական ելույթ էր: Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը»,- ասել է նա»:


«Հայաստանի պետական պարտքը միայն այս տարվա նոյեմբեր ամսին ավելացել է 108 միլիոն դոլարով և կազմում է 6 միլի­արդ 404 միլիոն 700 հազար դոլար: «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հայաստանի պետական պարտքից 5 միլիարդ 115 միլիոն դոլարը արտաքին պարտք է: Նշված գումարից 62 միլիոն 700 հա­զարն ավելացել է նոյեմբերին: Հայաստանի ներքին պարտքը կազմում է 1 միլիարդ 289 միլիոն դոլար: Այս գումարից 45 միլի­ոն 400 հազարը գոյացել է նոյեմբերի ընթացքում տեղաբաշխված պետական պարտատոմսերի իրացման հաշվին: Ի դեպ, շաբաթ օրը Սերժ Սարգսյանն իր ելույթում խոստացել է, որ 2040 թվականին մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը կկազմի 10 հազար դոլար: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ամեն մի բնակիչ 2040 թվականին տարեկան կվաստակի մի­ջինը 10 հազար դոլար: Իրականում Սերժ Սարգսյանի խոստումը ավելի շուտ կարող է իրագործվել, բայց մեկ շնչին բաժին հասնող պարտքի մասով: Եթե հավատանք ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներին, ըստ որոնց՝ ՀՀ մշտական բնակչությունը 2 մլն 979 հազար 600 հոգի է, ապա ստացվում է, որ Հայաստանի ամեն մի բնակիչ արդեն իսկ պարտք է 2 հա­զար 150 դոլար՝ ինքն էլ այդ մասին տեղյակ չլինելով»,-գրում է թերթը:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններում այդպես էլ անցողիկ շեմը չհաղթահարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամներից «Համախմբում» կուսակցությունն ըստ էության դադարեցրել է քաղաքական գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հիմա կուսակցության մի քանի անդամներ՝ նախկին պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը և այլք, ստեղծել են «Այլընտրանքային նախագծեր» հ/կ-ն և հասարակական գործունեություն են ծավալում: Եվ չնայած այդ կազմակերպությունը երկու ամիս է՝ գործում է, սակայն ուշագրավն այն է, որ «Համախմբում» կուսակցության վարչության նախագահ Վարդան Օսկանյանն իր կուսակիցներին չի միացել: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քանի որ առանձնապես քաղաքական պրոցեսներ երկրում չեն ընթանում, կուսակցությունը դադարի վիճակում է: Բայց մենք ստեղծել ենք հ/կ, հանրային հարցերի շուրջ պարբերաբար մենք հանդես ենք գալիս վերլուծություններով և առաջարկություններով»»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առևտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչև 24-25 տոկոս: Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավելի: Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը. հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարևորն այն է, որ ուսանողը և երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ճիշտ է, ՕՐՕ դաշինք այլևս գոյություն չունի, այնուհանդերձ, նրա բաղկացուցիչները հույսները չեն կտրել, որ ԵՄ համաձայնագրի ֆոնին ներքաղաքական զարգացումներ տեղի կունենան, ավելին` չեն բացառել պայթյունը ղարաբաղյան ճակատում: Ամռանը նրանք առանձին-առանձին մինի-հավաքագրումներ են արել, սակայն, փող չունենալու պատճառով կասեցրել են «գործընթացը»: Բանն այն է, որ ՕՐՕ-ի ֆինանսական հարցերը մշտապես լուծել է Սեյրան Օհանյանը. Վարդան Օսկանյանը ՏԻՄ ընտրություններից հետո (Գյումրու և Վանաձորի ընտրություններին լուրջ փող է բերել, սակայն այն նպատակին չի ծառայել, «կերվել» է) այլևս չի ցանկացել «թաթախվել», մի կոպեկ իսկ բերել, ողջ ծանրությունը մնացել է Օհանյանի ուսերին: Այսօր Սեյրան Օհանյանը, որը, ասում են, փակել է Սամվել Բաբայանի պարտքերը, հոգացել Վիկտոր Դալլաքյանի կուսակցության ծախսերը, հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ, այնքան բարդ, որ որոշել է վաճառել Սայաթ-Նովա փողոցում գտնվող իրեն պատկանող «Պիրամիդա» սրճարանը»:


«Իրատես» թերթը գրում է. «Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն`ով: Ընդ որում` տեխնոլոգիան էլ հասկանալի է. քաղաքական դաշտն այնքան է ամայացել, ընդդիմությունն այնքան է «կորսվել», որ պարապ մնացած «մայլի» երկկողմանի երթևեկությունը լցվում է բացառապես այդ միակ հարցադրումով: Ընդ որում` բանակում վերջնական «կարգ ու կանոն» հաստատելուց հետո, ինչն էլ իր հերթին գալիս է հավաստելու` հայաստանյան քաղաքականությունն ընդերքում է կարգավորվում` մեկ-երկու հոգու կողմից, մնացյալները «բաք-վոկալիստներն» են, որոնց կատարումները, ի դեպ, երբեմն հիացք են առաջացնում:


Այո, խոսքը ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ծրագրային, գրագետ, նաև մանրանկարչական ճշգրտությամբ «կերտված» (հետաքրքիր է` ով էր գրել) հարցազրույցի մասին է, որով «կոտլետներն» ու «ճանճերը» վերջապես դրվեցին իրենց տեղերում, և մեկ «կրակոցով» ասվեց ավելին, քան հնարավոր էր մի ողջ դարակազմիկ «պատերազմով»: Եվ ուրեմն` բանակից գնացածներին («դրսում» եղող գեներալիտետին` սկսած Խաչատուրովից, վերջացրած Օհանյանով ու Բաղմանյանով) ասվեց` «զորահանդեսի հրամանատարը» այսօր և մեկընդմիշտ Վիգեն Սարգսյանն է: Եվ դա ասաց Օհանյանին շատ մտերիմ, Օհանյանով հիացած բանակի շտաբի պետը: Բանակի ներսում եղող «գեներալներին» էլ, որոնք վերևից էին նայում «դրսերում կրթված», «ինտելիգենտ» երիտնախարարին, որի քիթը «մախորկայի» ու «թնդանոթի ծուխը» չէր առել, ասվեց` «նախարարի բանջարը գեներալների հանճարին վնաս չէ»: Համարենք բանակում առկա ներքին գլխավոր հարցը փակված: Անցնենք առաջ:


Հարց` ինչո՞ւ, այնուհանդերձ, առջևում սպասվող ներքաղաքական տրանսֆորմացիան սկսվեց բանակից: Պատճառը ոչ միայն վերադասավորվող տարածաշրջանը, աշխարհում փոխվող փիլիսոփայությունը և առաջնահերթություններն էին: Գումարած գլխավոր հարցը` Ղարաբաղի խնդիրը, որն ավելի է սրվում «երուսաղեմյան» զարգացումների ֆոնին: Պետք էր ուշադիր լինել Վահան Շիրխանյանի և Նորք-Մարաշի խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի զրույցի նկատմամբ. այն ևս հենց այնպես չհրապարակվեց հենց այս պահին: Ձայնագրությունը եկավ ասելու` ամեն մի դուրսպրծուկ չի կարող գալ Իսպանիայից կամ «եսիմ-որտեղից» և իրեն իրավունք վերապահել «խաղարկելու» մեր սրբություն սրբոցը` բանակը, ներքաշելով այն ինչ-ինչ կեղտոտ, հակապետական գործարքների մեջ: Ի դեպ, հետաքրքիր է նաև հաջորդ գերհզոր ուժային կառույցի` ոստիկանության ճակատագիրն առաջիկայում: Հիշենք` Ալիկ Սարգսյանից հետո (վերջինս ևս ներքաղաքական խաղեր տալու պատճառով ազատվեց պաշտոնից, սակայն, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, որին առաջարկվել էր ԳՇ պետի պաշտոնը և բացասվել, Ալիկ Սարգսյանն ավելի խելամիտ գտնվեց ու գնաց-տազ արեց Սերժ Սարգսյանի խորհրդականի «մունդիրի տակ»):


Այսպիսով, ո՞ւմ ղեկավարության ներքո կհայտնվի ոստիկանական գերհզոր ուժային կառույցը 2018-ին: Հարցը կարծես երկբայության առարկա չէ: Անցնող տարիներին պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին միայնակ արեց իր «մեծ գործը» և առայսօր «լռությամբ» շարունակում է նույնն անել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կպահպանի «իր ստատուսը» և կառավարության կառուցվածքի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքով կդառնա վարչապետի իրավասության ներքո գտնվող գերատեսչություն: Միով բանիվ, 2018-ին ընդառաջ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում, որն էլ հնարավորություն կտա, մի կողմից, տարածաշրջանի, երկրի համար այս բարդ վիճակում չվտանգել պետականությունը, մյուս կողմից, ինչու՞ ոչ, «ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»: Մնացած ոչ պակաս հետաքրքիր գործընթացները (հիշենք` 2018-ին փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլև կառավարման ողջ համակարգը` գրեթե վերից վար)` նոր նախագահ, գուցե և նոր ԱԺ նախագահ (չնայած լավատեղյակները պնդում են` իզուր են ոմանք իրենց կոտորում` ԱՄՆ-ի դեսպան Միլսի սփոփիչ պարանոցին «փարվելու». Արա Բաբլոյանը մնալու է), ՍԴ նախագահ, ԱԳ նախարար (եթե Էդվարդ Նալբանդյանը դառնա ՀՀ նախագահ), ԱԱԽ քարտուղար և այդպես շարունակ` այդ բոլորն ածանցվելու են արդեն իսկ վերը նշված «բալանսավորումից», և անձերի «ով» լինելը գուցե և «հետաքրքիր», սակայն հիմնականում անկարևոր է լինելու»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով խոստովանել էր, որ ինքն էլ է հեռախոսի հետ կապված խնդիր ունեցել, ինչի արդյունքում մոտ 1 մլն դրամի հասնող հեռախոսավարձ է եկել ԱԺ հաշվին, իր անձնական միջոցներից վճարել է այդ գումարը: Բաղդասարյանը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հորդորել է, որ նույնը անի նաև ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բյուջեին մոտ 3,5 մլն դրամի վնաս է հասցրել, որպեսզի իրենք կարողանան ասել, որ այդ գումարները բյուջեից չեն վճարվել, պատգամավորները փոխհատուցել են հասցված վնասը: Բաբլոյանն էլ ասել է, որ այդ հարցով արդեն դիմել է Նաղդալյանին, ով պատասխանել է, որ ինքը սնանկ է, չի կարողանում նույնիսկ իր վարկերը սպասարկել: Պարզվում է՝ երկիրն այնպիսի ծանր վիճակում է, որ վարկեր ունեն նաև ՀՀԿ-ականները, դեռ մի բան էլ չեն կարողանում դրանք սպասարկել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 18-ին Հայաստան են ժամանելու բազմաթիվ քրեական հեղինակություններ, օրենքով գողեր՝ աշխարհի տարբեր երկրներից, մասնակցելու օրենքով գող Արմեն Հարությունյանի՝ Արմեն Կանևսկոյի մահվան 7-րդ տարելիցին։ Նա, հիշեցնենք, մահացել է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին՝ շաքարային դիաբետից։ Արմեն Կանևսկոյը Ռուսաստանի Կրասնոդարի մարզի ամենաազդեցիկ հեղինակություններից էր, և նրա մահվան տարելիցին ամեն տարի տարբեր երկրներից քրեական հեղինակություններ են ժամանում Հայաստան՝ այցելելով Երևանում գտնվող նրա գերեզմանին։


Նախնական տեղեկություններով՝ այս տարի, ի թիվս քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչների, Ռուսաստանից Հայաստան է ժամանելու նաև Պոդոլսկի հայտնի գող Լուչոկը (Սերգեյ Լալակին)։ Ռուսաստանից բացի, քրեական հեղինակություններ կժամանեն նաև եվրոպական երկրներից։ Նշենք, որ այժմ Հայաստանում է գտնվում Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմը, որը, ըստ տեղեկությունների, Հայաստանից դուրս չի գալիս անվտանգության տեսանկյունից։ Սակայն, ասում են նաև, հայաստանյան քրեական հեղինակությունների հետ առանձնապես մտերմություն չի անում, նրա հիմնական «կռուգը» Ռուսաստանի գողերն են։ Բայց Արմենի տարելիցին, բնականաբար, ներկա կգտնվեն նաև հայաստանյան ինչպես քրեաօլիգարխիկ, այնպես էլ քրեական հայտնի դեմքեր, որոնց համար սա դրսից ժամանած հեղինակությունների հետ շփվելու առիթ է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որպեսզի նրա ընտրությունը հետաձգվի և տեղի ունենա ապրիլի 9-ից հետո: Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան առաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ