Ախալքալաքի Ժողովի բյուրոն մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառել օրակարգ

196

Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք»-ի պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, չի մտել լիագումար նիստի օրակարգ: Շրջանային ժողովի Բյուրոն քննարկել է այն, սակայն դեմ քվեարկել: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հայրենասերների դաշինքը» դիմել էր Ախալքալաքի Շրջանային Ժողովին, որպեսզի ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դիմումի մեջ մասնավորապես նշված էին հետևյալ կետերը.


. Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել բոլոր ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին, որոնց դեմ կատարվեց այդ վայրագությունը:


. Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:


. Վրաստանի խորհրդարանին խնդրել հետևել շատ զարգացած երկրների օրինակին, ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության օրոք կատարված Հայոց ցեղասպանությունը:


. Խնդրել մեծամասնական պատգամավորին Խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ քննարկել այդ հանցագործությունը կատարված հայ ժողովրդի դեմ և լուսաբանել իրական որոշումը:


Բյուրոն քննարկեց, բայց դեմ քվեարկեց


Բյուրոյի անդամները նպատակահարմար չգտան տվյալ ժամանակահատվածում այս հարցի բարձրացումը, պատճառաբանելով, որ այն նախ պետք է բազմահարթակ հանրային քննարկումների ու խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցված բարձրացվի: Բյուրոյի անդամներն իրենց ելույթի խոսքերում նշեցին, որ աշխարհում չկա մի հայ, որ չընդունի և չդատապարտի Հայոց ցեղասպանությունը:


Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը «Հայրենասերների» պահանջի պատասխանը բացատրել է  հետևյալ կերպ.


«Եթե հարցը պետք է առաջ քաշենք ու արդյունք չստանանք, ինչի՞ առաջ քաշենք: «Ալյանսը» այսօր 6 պատգամավոր ունի Վրաստանի խորհրդարանում, ինչի են դիմել, որ մեր մեծամասնական պատգամավորը այդ հարցով խորհրդարան մտնի, թող իրենց պատգամավորները հարցը բարձրացնեն խորհրդարանում: Եթե վրացին այս հարցը առաջ քաշի, ավելի լավ ու ճիշտ կլինի, հետո մեր հայ պատգամավորները թող միանան: Ախալքալաքում ելույթի ժամանակ այդ հարցը առաջ քաշել էին, այդ մարդը նույնպես ասել էր, որ գիտեք, մենք ընդունում ենք, որ դա եղած է, բայց հարցը ճանաչել մենք այսօր չենք կարող: Դրա համար լավ կլինի, որ իրենց դեպուտատների հետ համատեղ խորհրդատվություն անցնեն, հետո նոր ներկայացնեն Ժողովին», – ասաց Ախալքալաքի Շրջանային Ժողովի նախագահը:


Բյուրոյի նիստին ներկա էր նաև ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» կողմից շրջանային Ժողովի մեծամասնական պատգամավոր Գենադի Էլիզբարյանը, ով ամբողջ ընթացքում լուռ լսում էր գործընկերների ելույթը: Բյուրոյի 9 անդամներից 8 դեմ քվեարկեց, իսկ մեկը՝ Գենադի Էլիզբարյանը կողմ, այդպիսով մեծամասնության ձայների համաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չմտավ Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ:

Տպել

Թեմայի այլ նորություններ