Ադրբեջանը շարունակում է "գնել" ԵԽԽՎ պաշտոնյաներին բրիտանական ընկերությունների միջոցով

36
Լոնդոնում լույս տեսնող The Observer շաբաթաթերթի լրագրողները հանդես են եկել հերթական սկանդալային հայտարարությամբ ՝ բրիտանական առնվազն չորս ընկերություններ առնչություններ ունեն Ադրբեջանի կողմից եվրոպական կառույցների ներկայացուցիչներին տրված կաշառքների հետ: Այս մասին գրում է ELQ-ը:

Շաբաթաթերթի պնդմամբ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Քրիստորֆեր Շտրասերի մշակած բանաձևի տապալման գործում առանցքային դերակատարություն է ունեցել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի խոշորագույն խմբակցությունը` Եվրոպայի Ժողովրդական կուսակցությունը և դրա այն ժամանավա ղեկավարը` իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեն, ով, հիշեցնենք, որ RAI 3 հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Խավիարային դիվանագիտություն» վերնագրված մեկ ժամանոց ֆիլմում պնդում էր, թե այդ գումարը ստացել է ադրբեջանցի պատգամավոր, Իլհամ Ալիևի մտերիմ Էլհան Սուլեյմանովից` «գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների դիմաց»: Այս մասին գրում է «Ազատությունը»:

Ադրբեջանական կողմը ԵԺԿ ազդեցիկ գործչին կաշառքը փոխանցել է բրիտանական չորս ընկերությունների միջոցով՝ LCM Alliance-ը, Hilux Services-ը և Polux Management-ը, նաև՝ Metastar-ը: The Observer-ի տեղեկություններով, բոլոր չորս ընկերություններն իրենց հիմնական գործողություններն իրականացնում էին օֆշորային գոտիների միջոցով, իսկ Վոլոնտեի անվան շուրջ ծագած սկանդալից հետո ընդհանրապես լուծարվել են: Բացի դա, Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին վկայող բանաձևի տապալումից հետո հնարավոր դարձավ նոր շունչ հաղորդել նաև «Տրանս-Ադրիատիկ» խողովակաշարի` TAP-ի շինարարության բանակցություններին: Այս ընկերության միջոցով, ըստ բրիտանացի բնապահպան Էմմա Հյուզի, Եվրոպան հույս ունի թուլացնել իր կախվածությունը ռուսական գազից, մինչդեռ, իրականում, սա ծառայելու է տրամագծորեն հակառակ նպատակին:

«Իրականում այս խողովակաշարն այնպես է նախագծված, որ հետագայում միացվելու է ռուսական խողովակաշարարերի ցանցին` հնարավոր դարձնելով նաև Ռուսաստանում արդյունահանված գազի մատակարարումը եվրոպական շուկա: Դա նշանակում է, որ ևս հիսուն տարի Եվրոպան ի վիճակի չի լինելու էկոլոգիապես մաքուր վառելիք օգտագործել, դրան էլ գումարած՝ կախվածության մեջ հայտնվելով նաև Ադրբեջանի իշխանություններից: Այս ամենը պետք է ստիպի Եվրամիությանը՝ դադարեցնել աջակցությունը, որ ցուցաբերվում է այս վտանգավոր խողովակաշարի կառուցմանը»: The Observer-ի թղթակիցներին հաջողվել է պարզել մեկ այլ սկանդալային դրվագ, այն է՝ Ադրբեջանի և եվրոպական կառույցների միջև առկա կոռուպցիոն սխեմաներում ներգրավված բրիտանական ընկերությունները կապեր ունեն նաև Ռուսաստանի հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ:

Կրկին անգամ անդրադառնալով Լուկա Վոլոնտեին հիշեցնենք, որ իտալական հանրահայտ RAI հեռուստաընկերությունը 55 րոպեանոց սկանդալային հեռուստաֆիլմ էր պատրաստել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դատավարության վերաբերյալ: Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվել է և նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կառավարության կողմից 2 միլիոն 400 հազար եվրո կաշառք ստանալու համար ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգն իրականացնելու և այդ երկրի շահերը սպասարկելու նպատակով: Ֆիլմում սկանդալային բացահայտումներ կան նաև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի և Լուկա Վոլոնտեի հանցավոր կապի մասին, որոնք միասին ֆինանսավորվել են Ադրբեջանի կողմից ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղաքական շահերի սպասարկման համար: Այս ֆիլմը ոչ միայն Իտալիայում, այլև եվրոպական երկրներում մեծ տարածում է ստացել և չի բացառվում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում եվրոպական տարբեր պատվիրակությունների կողմից բարձրացվի ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը:

Ֆիլմում ներառված են նաև կադրեր հայ պատգամավորների և Պեդրո Ագրամունտի հայտնի բանավեճից, որը տեղի ունեցավ աշնանային նստաշրջանի ժամանակ, երբ Պեդրո Ագրամունտը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, հայ պատգամավորներին զրկեց ձայնի իրավունքից ՝ թույլ չտալով խոսել իր ընկեր Լուկա Վոլոնտեի կաշառվածության մասին:

Տպել

Թեմայի այլ նորություններ