12.08.2025
ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել
11.03.2020
ԱՀԿ-ն կորոնավիրուսի համաշխարհային պանդեմիա է հայտարարել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյրուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարելի է որպես պանդեմիա բնութագրել։ Պանդեմիան համաշխարհային մասշտաբով հիվանդության տարածումն է։ ՌԲԿ-ի հաղորդմամբ` նա նշել է, որ 2 շաբաթում կորոնավիրուսի դեպքերի քանակը Չինաստանից դուրս աճել է 13 անգամ, իսկ երկրների քանակը, որտեղ հայտնաբերվել է վիրուսը, եռապատկվել է։ Այս պահին աշխարհում ավելի քան 118 հազար վարակված կա։ Վերջին անգամ պանդեմիա հայտարարվել էր 2009-2010 թթ. խոզի գրիպի ժամանակ։ Հայաստանում մարտի 11-ին կորոնավիրուսով հիվանդ ևս 3 հոգի է հայտնաբերվել` երկուսը ՀՀ քաղաքացի են, վերադարձած Իտալիայից, մեկը՝ Իտալիայի քաղաքացի։ Այսպիսով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված չորս դեպք կա: Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Կորոնավիրուսի ամենատարածված ախտանշաններից են ջերմությունը, հազն ու թուլությունը: Որոշ վարակակիրների մոտ, սակայն, կարող են ի հայտ չգալ ախտանշաններ: Մարդկանց 80%-ի դեպքում վիրուսից բուժվում են՝ ընդ որում, առանց հատուկ կուրսի: Հիվանդությունը մարդուց մարդու է փոխանցվում հազալու կամ փռշտալու արդյունքում առաջացող կաթիլների միջոցով, որոնք կարող են ընկնել մարդու կամ նրան շրջապատող առարկաների և իրերի վրա: Կարևոր է հնարավոր վարակակրից հեռավորություն պահպանել: Քիչ, բայց հավանական է, որ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել նաև վարակակիր, բայց ընդգծված ախտանշաններ չունեցող անձնից: Վիրուսի մասնիկները ձեռքերից վերացնելու համար անհրաժեշտ է պարբերաբար լվացվել օճառով, մաքրել ձեռքերն ալկոհոլային հիմքով գելերով: Չի կարելի ձեռքերով դիպչել գլխին, քթին, բերանին: Անհրաժեշտ է պահպանել շնչառական հիգիենայի կանոնները. հազալիս կամ փռշտալիս փակել բերանն անձեռոցիկով կամ արմունկով՝ թույլ չտալով, որ վարակի հնարավոր մասնիկները փոխանցվեն շրջապատող մարդկանց: Վիրուսային ախտանշաններ ունենալու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել բժիշկներին: Նույնիսկ թեթևակի վատ զգալու, թույլ գլխացավի և թեթև արտահայտված ախտանշանների դեպքում պետք չէ տնից դուրս գալ: Կորոնավիրուսը բարդություններով է ընթանում տարեց մարդկանց, ինչպես նաև սոմատիկ հիվանդություններ ունեցողների մոտ (սրտի հիվանդություններ, դիաբետ): Մարդիկ, ովքեր վարակի ախտանշաններ չունեն, կարիք չունեն նաև դիմակ կրելու. ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս դիմակներ կրել վիրուսի ախտանշաններ ունեցողներին, նրանց խնամողներին, բժշկական հաստատություններում աշխատողներին: Կորոնավիրուսի պարագայում հակաբիոտիկներ օգտագործել չի կարելի, անհրաժեշտ չէ նաև կորոնավիրուսի կանխարգելման համար նախապես հակաբիոտիկներ խմել: ԱՀԿ-ից հայտնում են նաև, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ դեռ չի ստեղծվել: Ընտանի կենդանիներից կորոնավիրոսով վարակվելու գրանցված դեպք ևս չկա: