Հոկտեմբերի 10-ին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համատեղ նիստը (Joint Committee)՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին։ Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին և հումանիտար իրավիճակին, ինչպես նաև Ադրբեջանի միջազգային պարտավորություններին վերաբերող հարցեր։ Համատեղ կոմիտեի հանդիպումը նախաձեռնել է ԵԽԽՎ նախագահ Թինի Քոկսը։ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 4-ի որոշմամբ հավանություն է տվել հանդիպում անցկացնելու առաջարկին և օրակարգին։ Համատեղ կոմիտեի գործառույթն է քննարկել այն խնդիրները, որոնք ընդհանուր են նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի համար, և խթանել այս երկու մարմինների կողմից ընդունված առաջարկությունների գործնական իրականացման հնարավորությունները: