ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեության մասշտաբային կրճատման մասին: Նրա X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության համաձայն, ամերիկյան կառավարությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարել գործակալության բոլոր ծրագրերի 83%-ը, ինչը կազմում է մոտ 5200 պայմանագիր: «Չեղարկված պայմանագրերը հանգեցրել են տասնյակ միլիարդավոր դոլարների ծախսման այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել (իսկ որոշ դեպքերում նույնիսկ վնասել են) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին», - գրել է Ռուբիոն: Պետքարտուղարի խոսքերով, Կոնգրեսի հետ խորհրդակցություններից հետո որոշում է կայացվել մնացած 17% ծրագրերը (մոտ 1000 նախագծեր) փոխանցել Պետքարտուղարության ուղղակի կառավարմանը՝ ավելի արդյունավետ վերահսկողություն ապահովելու համար: Ռուբիոն հատուկ շնորհակալություն է հայտնել Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչությանը (DOGE)՝ «այս ուշացած և պատմական բարեփոխումներին հասնելու համար»: Հիշեցնենք, որ USAID-ը փակելու որոշումը կայացվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ այս տարվա հունվարին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, DOGE-ի ղեկավար Իլոն Մասկի հետ համատեղ: Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալներով՝ 2023 ֆինանսական տարում գործակալությունը տնօրինել է մոտ 40 միլիարդ դոլարի բյուջե: USAID-ը ստեղծվել էր 1961 թվականին՝ նախագահ Ջոն Քենեդիի օրոք, և ավելի քան 60 տարվա ընթացքում երկարաժամկետ սոցիալ-տնտեսական աջակցություն էր տրամադրում աշխարհով մեկ երկրներին: