Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի նախագիծ: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: «Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», - նշված է բանաձևի տեքստում: ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի՝ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը: Փաստաթուղթը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը, Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ չհրահրված հարձակումները և կոչ է անում Բաքվին առանց նախապայմանների վերջ տալ շրջափակմանն ու Հայաստանի և Արցախի դեմ ագրեսիային: Միացյալ Նահանգների վարչակազմին նախագիծը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին՝ դրանով իսկ այդ երկրի վարչակազմի համար հստակեցնելով, որ հետագա հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ կհանգեցնեն պատժամիջոցների և այլ միջոցների: