4.03.2025
ՌԴ-ն և ԱՄՆ-ն հնարավորինս արագ ցանկանում են Ուկրաինայում խաղաղության հասնել. Պուտին
prev Նախորդ նորություն

«Անորա» ֆիլմը հայ դերասանների մասնակցությամբ հինգ «Օսկար» է նվաճել

Լուսանկարը` rtvi.com
Լուսանկարը` rtvi.com

Հայտնի ամերիկացի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» ֆիլմը, որում նկարահանվել են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանը և Վաչե Թովմասյանը, հաղթական ավարտ է ունեցել «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը՝ նվաճելով հինգ արձանիկ հիմնական անվանակարգերում։


Ամերիկյան կինոակադեմիայի 97-րդ մրցանակաբաշխության ժամանակ ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ»։ Մայքի Մեդիսոնը, ով մարմնավորել է գլխավոր դերը, ստացել է մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Շոն Բեյքերը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, իսկ ֆիլմը նաև հաղթել է «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։


«Անորա»-ն պատմում է Բրուքլինի սեքս ոլորտի աշխատակցի պատմությունը, ով հանդիպում է ռուս օլիգարխի որդուն և ամուսնանում նրա հետ, ինչը հիշեցնում է Մոխրոտի ժամանակակից հեքիաթը։ Սակայն երբ լուրը հասնում է Ռուսաստան, նրա հեքիաթային պատմությունը հայտնվում է սպառնալիքի տակ՝ երիտասարդի ծնողները ժամանում են Նյու Յորք՝ ամուսնությունը չեղյալ հայտարարելու համար։


Գլխավոր հերոսուհին, ով աշխատում է Մանհեթենի ստրիպտիզ ակումբում, նախընտրում է, որ իրեն անվանեն Անի։ Նա մի քիչ խոսում է ռուսերեն, որը սովորել է տատիկից։ Իվանը՝ անմեղ և առատաձեռն, տարբերվում է Անիի մյուս հաճախորդներից, որոնց մեծամասնությունը նրա հոր տարիքին են և հաճախ ասում են նրան. «Դու նման ես իմ 18-ամյա դստերը»։ Անին, ով ընդամենը երկու տարով է մեծ Իվանից, բռնում է նրա ձեռքը և տանում առանձնասենյակ։ Անիի՝ Իվանին ասած խոսքերը դառնում են ֆիլմի գլխավոր թեման։


Այլ հիմնական անվանակարգերում «Լավագույն դերասան» «Օսկարը» ստացել է Էդրիեն Բրոուդին «Բրուտալիստը» ֆիլմի համար։ Երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Քիրան Քալկինը («A Real Pain») և Զոի Սալդանան («Էմիլիա Պերես»)։