26.11.2024
Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հետ հայերի, քրդերի վրա հարձակվածներն ընդունեցին մեղքը
26.12.2017
Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հետ հայերի, քրդերի վրա հարձակվածներն ընդունեցին մեղքը

2017-ի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ թուրք դեսպանի տան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած հայերի, հույների, քրդերի վրա Էրդողանի թիկնապահների հետ հարձակված խմբի երկու անդամներն ընդունել են իրենց մեղքը, գրում է Եռագույնը: Հարձակումներ եւ խոշտանգումներ կատարած Սինան Նարինը եւ Քյուփ Յըլդըրըմը, որոնք ԱՄՆ-ի Վիրջինա եւ Նյու Ջերսի նահանգների բնակիչներ են, մեղքն ընդունելուց հետո դատապարտվել են 1 տարվա ազատազրկման: Եթե հրաժարվեին իրենց մեղավոր ճանաչել, պատժաչափը կլիներ 15 տարի: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եւ քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը: Հայտարարության մեջ նշված է, որ «այդ մեղադրանքն անարդար է եւ կողմնապահ»: Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, եւ այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: Դատավարության սկզբում ձերբակալվածներն իրենց անմեղ էին հայտարարել: Միջադեպի հետեւանքով նախագահ Թրամփի ադմինիստրացիան կասեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների համար 1.2 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության զենքի վաճառքի մասին թույլտվությունը: