ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը դատապարտված չեն նոր սառը պատերազմի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ կոչ անելով Մոսկվային փոփոխել քաղաքականությունը այնպիսի հարցերում, ինչպիսին Ուկրաինայինն է. հայտնում է AFP-ը։«Սա այն դեպքը չէ, երբ մենք սառը պատերազմում մրցակցության ենք դատապարտված»,- հայտարարել է Պոմպեոն՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։Խոսելով այն մասին, որ Վաշինգթոնը տեսնում է աշխարհի երկու խոշորագույն միջուկային տերությունների միջեւ ռիսկերի նվազեցման կարեւորությունը՝ Պոմպեոն հավելել է. «Պետք է ասեմ, որ դա պայքար էր»։Նա մատնանշել է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների ընտրություններին Մոսկվայի միջամտության փորձերը, ինչպես պնդում են ամերիկյան հատուկ ծառայությունները։ «Նման վարքագիծը հարիր չէ այն երկրներին, որոնք ուզում են միջազգային հանրության մաս դառնալ»,- ասել է Պոմպեոն։«Եւ մենք հուսով ենք, որ նրանք (Ռուսաստանը) կվերադառնան ճիշտ ուղի, կնախաձեռնեն գործողություններ, որոնք նրանց կտանեն դեպի օրենքի գերակայության, կարգուկանոնի եւ ազատության ճանապարհ»,- հավելել է նա։