Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի հետ կապված Գերմանիայի կանցլերին է հայտնել Թուրքիայի անհանգստությունը։ Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Ուգանդա մեկնելուց առաջ պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով նաեւ հունիսի 2–ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի քվեարկությանը։ Էրդողանը նշել է, թե Մերկելի ուշադրությանն է հրավիրել թեմայի շուրջ Թուրքիայի զգայունությունը՝ շեշտելով, որ Թուրքիան անհանգստացած է Բունդեսթագում նման բանաձեւի քվեարկությամբ։ «Անգելա Մերկելին ասացի, որ Գերմանիայից այդ հարցի հետ կապված ողջախոհ մոտեցում ենք սպասում», – ասել է Էրդողանը՝ հավելելորվ, որ այն կվատթարացնի Թուրքիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները։ Հունիսի 2-ին Բունդեսթագը կքվեարկի ՔԴՄ/ՔՍՄ կոալիցիայի, սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Կանաչների ներկայացրած բանաձեւի հարցով, որը 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ջարդերը ցեղասպանություն է որակում: