17.11.2025
Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել․ պատգամավոր
20.02.2019
Արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել․ պատգամավոր

Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռուսլան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել Վրաստանում հանդուրժողականության ու ազգամիջյան հարաբերությունների թեմայով, հայտնում է jnews.ge-ն։ Պատգամավորը նշում է, որ Վրաստանը միշտ տարբերվել է իր էթնիկ բազմազանությամբ, և երկրի կայունությունն ու զարգացումն այլ կարևոր գործոնների հետ հիմնականում կախված է ազգամիջյան հարաբերությունների ընթացքից, որտեղ բոլոր քաղաքացիները պետական հաստատությունների հետ միասին իրենց ներդրումն ունեն: «Ցավոք, վերջին շրջանում Վրաստանի հարևան երկրների միջև տասնյակ տարիներ շարունակվող հակամարտությունը որոշ չափով անդրադարձել է մեր համաքաղաքացիների մի մասի վրա՝ նրանց մեջ էլ սերմանելով էթնիկական հողի վրա հակամարտության գաղափարը: Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, հնարավոր է, որոշակի զգացական կապ ունեն իրենց էթնիկ երկրների հետ, սակայն միևնույն ժամանակ պետք է հիշենք, որ մեր էթնիկ պատկանելությունից զատ բոլորս Վրաստանի զավակներն ենք և մեր գործողությունները պետք է բխեն Վրաստանի պետության և հասարակության շահերից», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսլան Պողոսյանը: Վերջինս երկրի բոլոր քաղաքացիներին, անկախ ազգային պատկանելիությունից, կոչ է անում պատասխանատվություն ստանձնեն և կատարեն իրենց ներդրումը Վրաստան պետության զարգացման ու առաջընթացի համար: «Վրաստանի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչները պետք է հասկանան, որ որևէ մեկը չունի ո՛չ գաղափարական, ո՛չ էլ իրավաբանական իրավունք մեր երկիրը անհարմար իրավիճակում դնելու և միտումնավոր կամ ակամա Վրաստանը որևէ հակամարտության մաս դարձնելու: Տպավորություն է ստեղծվում, որ արտաքին ուժերը փորձում են Վրաստանում ազգամիջյան հակամարտություն հրահրել: Էթնիկ հակամարտության համար բնորոշ է նաև, որ տասնյակ տարիների ընթացքում չի արձանագրվել արդեն սկսված էթնիկ հակամարտության կարգավորման դեպք», – գրել է «Վրացական երազանք» կուսակցության անդամը: Ռուսլան Պողոսյանը Վրաստանում ապրող բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին կոչ է անում հզորացնել հայրենիքը և միասնաբար ստեղծել ժամանակակից, զարգացած պետություն ու հասարակություն: «Չտրվել միջէթնիկ լարվածության սադրանքներին, ամեն ինչ անել, որ մեր երկրում քաղաքացիական համաձայնություն, ազգամիջյան խաղաղություն, բարեկեցություն և համագործակցություն տիրի»,- եզրափակել է պատգամավոր Ռուսլան Պողոսյանը: