ԱՄՆ 20 նահանգներից ավելի քան 100 կոնգրեսականներ կոչ են արել նախագահ Ջո Բայդենի վարչախմբին ձեռնարկել կոնկրետ քայլեր Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը: «Պետքարտուղարին և ՊՆ-ին հասցեագրված նամակում ընդգծված է տարածաշրջանային ճգնաժամի լրջությունը, որի պատճառն է Ադրբեջանի և Թուրքիայի վեցշաբաթյա անողոք ագրեսիան անցած տարի աշնանը. առաջարկվում են անհապաղ միջոցներ ԱՄՆ հետեւյալ քաղաքական առաջնահերթությունների շրջանակում. - ԱՄՆ-ի կողմից արտակարգ օգնություն, որը տրամադրում է Արցախի բնակիչներին հնարավորություն վերականգնել իրենց համայնքներն ու կյանքն առանց հետագա արյունահեղության վախի: - ԱՄՆ-ի մասնակցության վերականգնում ամուր տարածաշրջանային կարգավորման փնտրտուքի գործում, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու կօգնի ապահովել, որ եւս մեկ պատերազմ չսանձազերծվի: - ԱՄՆ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը և նրա դերը՝ որպես օրինական կողմ այդ հակամարտությունը կարգավորելու բանակցություններում: - ԱՄՆ-ի առաջնորդությունը հայ գերիների անհապաղ ազատագրումն ապահովելու գործում: - ԱՄՆ-ի պատասխանատվությունը, ներառյալ պատժամիջոցներն ընդդեմ ադրբեջանցի և թուրք բարձրաստիճան առաջնորդների, Բաքվին օգնություն ցուցաբերելուց հրաժարումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հայկական խմբի նամակը նախաձեռնել են կոնգրեսական Ֆրենք Փալոնեն, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սպեյերը, Դեւիդ Վալադաուն և Ադամ Շիֆը: