23.11.2024
Ռուս սակրավորները Մատաղիսում տեղանքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից
prev Նախորդ նորություն

Freedom House-ը մտահոգված է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով

Freedom House-ը խորապես մտահոգված է «վերջին զինված հակամարտության արդյունքում Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով»։ Այս մասին հայտարարել է միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, հայտնում է Ազատությունը:


Ի պատասխան Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների տարածած հայտարարությունում Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է «սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը` անկախ նրանց կարգավիճակից, և ապահովելու, որ դեռ անազատության մեջ գտնվող անձինք ունենան բոլոր պաշտպանությունները, որոնք ամրագրված են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքների նորմերով՝ ներառյալ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի անթույլատրելիությունն, ինչպես նաև տրամադրել նրանց հայրենադարձության վերաբերյալ տվյալներ»: «Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները՝ այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությունը ապահովելու համար», - շեշտում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը։


Հայտարարության նախապատմությունում Freedom House-ը նշում է, որ չնայած հրադադարի մասին 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի հայտարարության պայմանները երկու կողմերին էլ պարտավորեցնում էին վերադարձնել ձերբակալվածներին, ադրբեջանական իշխանությունները մեղադրվում են հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց պահելու մեջ: «Հայ ձերբակալվածները ադրբեջանական գերության մեջ ենթարկվել են բռնությունների ու նվաստացնող վերաբերմունքի՝ համաձայն սոցիալական ցանցերում շրջանառվող հաղորդագրությունների, որոնք նախնական ստուգվել են Human Rights Watch-ի կողմից մարտին», - ասված է հաղորդագրությունում։


«Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է: ՄԻԵԴ-ը նաև դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ պահանջելով տրամադրել ձերբակալվածների վերաբերյալ բժշկական տեղեկություններ, տեղեկատվություն նրանց պահման պայմանների և նրանց նախատեսվող հայրենադարձության մասին», - նշում է Freedom House-ը։