Օգոստոսի 16-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սադրանքի են դիմել նաև հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ, Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառյող, 1975թ. ծնված, ավագ ենթասպա Վահան Դիմիկի Թաթոսյանը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Հայկական կողմի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ է կրել»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր հայ-ադրբեջանական սահմանի Սև լճի (Սյունիքի) հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձի կասեցման մասին: «Հայ դիրքապահներն իրականացրել են հակազդող գործողություններ, ինչի արդյունքում հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ», - ասված է հաղորդագրությունում: Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունը, մասնավորապես ադրբեջանական կողմի կրած կորստի վերաբերյալ։