4.07.2025
ԵԽԽՎ-ում ներկայացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների 130-հոգանոց ցանկ
25.01.2019
ԵԽԽՎ-ում ներկայացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների 130-հոգանոց ցանկ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող իսլանդացի կին պատգամավոր Տորխիլդուր Վարսդոտիրը Վեհաժողովի իրավական և մարդու իրավունքների հանձնաժողով է ներկայացրել Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը: Նախնական այդ ցանկում 130 անձ է ընդգրկված, որոնք համարվում են քաղբանտարկյալներ: Տորխիլդուր Վարսդոտիրի նախնական, ծավալուն զեկույցը ընդգրկում է Ադրբեջանի իրավիճակի վերլուծություն և գնահատականներ: Նշված է, որ այդ խնդիրը մտահոգիչ է համարվել դեռ 2000-ականների սկզբից: ԵԽԽՎ-ը բազմիցս Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտվածներին, լրագրողներին և բլոգերներին: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով 2013 թվականին կազմված Շտրասերի զեկույցի ընդունումը տապալվել էր: Ավելի ուշ անկախ քննություն վարող մարմինը գտել էր, որ զեկույցի ընդունումը տապալվել էր կոռուպցիոն կապերի միջոցով: «Չնայած դրան՝ իրավական հարցերով հանձնաժողովը և անձամբ ես այդ զեկույցը հիմք ենք ընդունում որպես տեղեկատվության աղբյուր», - ասել է Վարսդոտիրը: Իսլանդացի խորհրդարանականը նշել է, որ Ադրբեջանի քաղբանտարկյալների ցանկը կամփոփի՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ստանալով Ադրբեջանի իշխանություններից մեկնաբանություններ: Միաժամանակ, նա ասել է, թե Մեհման Հուսեյնովի, Աֆղան Մուխթարլիի և մի շարք այլ լրագրողների ու բլոգերների գործերը կասկած չեն հարուցում, որ նրանք քաղբանտարկյալ են: Վարսդոտիրի ներկայացրած նախնական ցանկում ընդգրկված են նաև կրոնական շատ ակտիվիստներ «Մահմեդական միասնություն» շարժումից: Իսլանդացի պատգամավորի զեկույցում նկարագրված են 2015 թվականի Նարդարանի դեպքերը, որոնց ընթացքում տասնյակ հավատացյալներ էին ձերբակալվել, մի քանի մարդ էր զոհվել: Ձերբակալվածները մեկուսարանում ենթարկվել են դաժան խոշտանգումների: Դատավարությունների ընթացքում նրանցից շատերը դատապարտվել են երկարատև ազատազրկման, չնայած անկախ դիտորդների պնդմամբ՝ նրանց վերագրվող հանցանքը չէր ապացուցվել: Ենթադրյալ քաղբանտարկյալների նախնական ցանկում մեծ թիվ են կազմում ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստները, որոնք իրականում դատապարտվել են զանգվածային բողոքի ցույցերին մասնակցելու կամ կազմակերպելու համար, սակայն պաշտոնապես մեղադրվել են խուլիգանության, թմրանյութեր պահելու և նմանատիպ այլ քրեական հոդվածներով: Նախկին պետական պաշտոնյաների մասով նշված են նախկին դատախազ Ռուֆաթ Սաֆարովի և առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի անունները: Զեկույցում նշված է, որ Ադրբեջանում մեծ թիվ են կազմում մարդիկ, ում կարելի է քաղբանտարկյալ ճանաչել, և ԵԽԽՎ-ը պետք է հետաքրքրվի այդ մարդկանց ճակատագրերով: «Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար ես կցանկանայի հանձնաժողովի նիստում լսումներ անցկացնել փորձագետների հետ, ինչպես նաև ճանաչողական այց կատարել Ադրբեջան», - «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Տորխիլդուր Վարսդոտիրը: