Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել տագնապալի իրավիճակ, սակայն այն շատ օպերատիվ կարգավորվել է: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ կատարվածի մասին տեղեկատվությունը քիչ է, ռուսական կողմը հետեւում է իրավիճակին: «Դա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար», - Պեսկովի խոսքերը փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Պեսկովը ճշտել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ օպերատիվ շփում է իրականացվել: «Դա ամբողջ տեղեկատվությունն է, որը մենք կարող ենք տրամադրել։ Իրոք, տագնապալի իրավիճակ է եղել, բայց այն շատ օպերատիվ կարգավորվել է», - հայտարարել Է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեղեկություններ կան Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման մասին։ VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան Ստեփանակերտում ռուսական ռազմաբազայի դիմաց հավաքվել էին տասնյակ արցախցիներ, ովքեր ցանկանում էին իմանալ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ճակատագրի մասին: Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի մոտակայքում տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտում, որը կանխվել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործողություններով: Ներկայում այդ շրջանում իրադրությունը կայունացել է: Ադրբեջանական սադրանքի հետեւանքով վերսկսված մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմը հայտնել է վեց վիրավորների, ադրբեջանական կողմը ՝ զոհվածների եւ վիրավորների մասին: