ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների տարածաշրջան ներթափանցելու համար. Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների տարածաշրջան ներթափանցելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
"Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման փորձերի համար։ Այստեղ մենք թուրք գործընկերների հետ բացարձակ միասնական դիրքորոշումներ ունենք", - ասել է նա։
"Ողջունում ենք Անկարայի ձգտումը՝ աջակցելու հակամարտության կողմերի կողմից իրենց պարտավորությունների կատարմանը։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից ստորագրված պայմանավորվածության շրջանակներում, ինչպես նաեւ կրակի դադարեցման պարտավորությունների կատարման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի շրջանակներում", - ընդգծել է նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ այդ համատեղ կենտրոնը ստեղծվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների արդյունքում եւ այժմ "տեղի է ունենում նրա ակտիվ ծավալման գործընթացը": Նոյեմբերի սկզբին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ ռուս եւ թուրք զինվորականները "մոտ ժամանակներս իրենց պարտականությունները կստանձնեն" Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ կենտրոնում: