Վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն արդարացողի մենախոսություն է. Մարուքյան
Վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելը նմանվում է արդարացողի մենախոսության: Այդ մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը:
«Հետպատերազմական այս իրավիճակում վարչապետի կողմից հոդվածներով հարցերին պատասխանելն ընդունելի չի կարող համարվել, քանի որ այդ ժանրով գրվածը նմանվում է արդարացողի մենախոսության:
Նախապատերազմյան ընթացքը և պատերազմի կառավարման շրջանն ուսումնասիրելու նպատակով (նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումը և սահմանային գլուխկոտրուկները ներառյալ) պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելուն այլընտրանք գոյություն չունի:
Պարիտետային փաստահավաք խումբ ստեղծելու նախագիծն ուղարկվել է խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին», - ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է Էդմոն Մարուքյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը primeminister.am պաշտոնական կայքում հրապարակած 44-օրյա պատերազմի ծագման մասին իր հորդվածում փորձել էր պատասխանել հարցին՝ ինչու՞ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը եւ ինչու՞ հնարավոր չեղավ խուսափել դրանից: Նա վստահ է՝ պահը, երբ ԼՂ հարցում որեւէ իրադարձություն պետք է տեղի ունենար, հասունացել էր: