Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը կմեկնի Բաքու, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ: Օրակարգում Լեռնային Ղարաբաղում իրավիճակն է: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը: Լավրովը Ադրբեջանի մայրաքաղաքում կմնա մինչ երեքշաբթի: Հիշեցնենք, մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելեց Երեւան, որտեղ հանդիպումներ ունեցավ հայ գործընկեր Արա Այվազյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Զախարովան տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: «Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», - ասել է նա: