Երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ. վարկանիշը Հայաստանը զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Այս մասին ասված է Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած է երկրների գլոբալ մրցակցության 2016-2017թթ. վարկանիշում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, 138 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 79րդ հորիզոնականը: Անցած տարվա համեմատ Հայաստանը երեք տեղով բարելավել է դիրքերը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում: Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած նախորդ տարվա զեկույցում Հայաստանը 82րդ հորիզոնականն էր զբաղեցնում: Աղյուսակը գլխավորում է Շվեյցարիան, որին հաջորդում են Սինգապուրը և Ամերիկայի Միացյալ Նահանգները: 4րդ հորիզոնականը զբաղեցնում է Նիդեռլանդները, 5րդը՝ Գերմանիան: Հայաստանի հարևան երկրներից Վրաստանն աղյուսակում 59րդ է, Թուրքիան` 55րդը, Իրանը` 76րդը: Ադրբեջանը գլոբալ մրցակցության վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 37րդ հորիզոնականը: Աղյուսակը եզրափակում են Չադը, Մավրիտանիան և Եմենը: Աղյուսակը կազմված է 12 հիմնական չափանիշների հիման վրա՝ պետության կառույցների, ենթակառուցվածքների, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության, կրթության ոլորտների ցուցանիշների, ապրանքների շուկայի, աշխատաշուկայի արդյունավետության, ֆինանսական շուկայի զարգացման, տեխնոլոգիական պատրաստության, շուկայի ծավալների: