2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 815 մլն ԱՄՆ դոլար, ինչը 24%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Արտաքին առևտրի հաշվեկշիռը կիսամյակի կտրվածքով բացասական է՝ -827.3 մլն ԱՄՆ դոլար։ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 29.2%-ը (822 մլն դոլար) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։ Նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը 0.6 տոկոսային կետով նվազել է, գրում է b4b.am-ը:
ԵՄ երկրների հետ մեր առևտուրը կրճատվել է 1.2 տոկոսային կետով և այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ -ի տեսակարար կշիռը կազմել է 24.1% (677.1 մլն դոլար)։ Այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 1.7 տոկոսային կետով և հասել 46.7%-ի (1 մլրդ 315.9 մլն դոլար)։ Այլ երկրների թվում շոշափելի աճ է գրանցվել հատկապես Շվեյցարիայի գծով։ Այս երկրի հետ մեր արտաքին առևտուրը աճել է 4.1 անգամ և 2016 թվականի առաջին կիսամյակի 41.1 մլն դոլարից հասել է 170 մլն դոլարի։
Եթե դիտարկենք ըստ երկրներ՝ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր-երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 737.5 մլն դոլար։ Խոշորագույն առևտրային գործընկերների TOP տասնյակում են նաև Չինաստանը, Շվեյցարիան, Գերմանիան, Բուլղարիան և այլն։
Նշենք, որ 10 առևտրային գործընկերներից 6-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ունի բացասական հաշվեկշիռ՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։ Դրական հաշվեկշիռ Հայաստանն ունի Շվեյցարիայի, Բուլղարիայի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրում։
Ընդհանուր առմամբ, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ապրանքների արտահանումը աճել է 21%-ով և կազմել 993.4 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 25.8%-ով և կազմել 1 մլրդ 448 մլն դոլար։ Նախնական տվյալներից հետո Ազգային վիճակագրությունը հրապարակել է նաև արտաքին առևտրի բացվածքը՝ ըստ երկրների և խոշորացված ապրանքախմբերի։
Այսպիսով, ի՞նչ է արտահանել այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանը և որ ապրանքախմբերի հաշվին է ապահովվել արտահանման աճը։ Դատելով ստորև բերված գծապատկերից՝ արտահանման խոշորագույն ուղղությունը շարունակում է մնալ հանքահումքային արտադրանքը։ Տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 297.6 մլն դոլարի հանքահումքային արտադրանք։
Հաջորդ խոշոր խումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ 240.7 մլն դոլար, որին հաջորդում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները և դրանցից իրերը՝ 145.9 մլն դոլար, և ոչ թանկարժեք մետաղներն և դրանցից պատրաստված իրերը՝ 132.7 մլն դոլար։
Իսկ ինչպե՞ս են փոխվել առանձին ապրանքախմբերի արտահանման ծավալները։ 20 անուն խոշորացված ապրանքախմբերից 14-ի գծով գրանցվել է արտահանման աճ, 6-ի գծով՝ նվազում։ Բացարձակ մեծությամբ ամենից շատ՝ 79.3 մլն դոլարով աճել են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները։
Պատրաստի սննդի արտահանումն աճել է շուրջ 60 մլն դոլարով (32.5%-ով), ոչ թանկարժեք մետաղներինը և դրանցից պատրաստված իրերինը՝ 27.8 մլն դոլարով, մեքենաներինը և սարքավորումներինը՝ 14 մլն դոլարով։