Վրաստանի ԱԽ-ն քննարկել է ընթացիկ գործընթացները և անվտանգությունը Հարավային Կովկասում
Ազգային մակարդակի հայեցակարգային փաստաթղթերի մշակման եւ արդիականացման հարցը, այդ թվում՝ ազգային անվտանգության հայեցակարգի նորացումը քննարկվել է նախօրեին երեկոյան՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ կայացած Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի հերթական նիստի ընթացքում:
«Նիստի մասնակիցները նաեւ քննարկել են ճգնաժամային ենթակառուցվածքի եւ կիբեռանվտանգության պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը։ Նիստում քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգության պայմանները եւ համապատասխան ընթացիկ գործընթացները», - ասված է հայտարարության մեջ:
Առկա տեղեկատվության համաձայն՝ Վրաստանի «Ազգային անվտանգության հայեցակարգի» հիմնարար փաստաթղթի վերջնական տարբերակը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի 2022 թվականի փետրվարին:
«2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի կառավարությունը մտադիր է թարմացնել սպառնալիքների գնահատման մասին փաստաթուղթը, ինչպես նաեւ հաստատել ազգային պաշտպանության ռազմավարությունը։ Բացի այդ, նախատեսվում է խորհրդարանին ներկայացնել կրիտիկական ենթակառուցվածքների ոլորտի պաշտպանության մասին օրինագիծ։
Այս ուղղությունները շատ կարեւոր են, քանի որ դրանք անվտանգության խորհրդի անդամների համար առաջնային են։ Կրիտիկական ենթակառուցվածքի բարեփոխումը պետության եւ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության գլխավոր գերակայություններից մեկն է», - հայտարարել է Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգո Տուրմանիձեն:
Նշվում է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստին (վարչապետի նախագահությամբ) մասնակցել են խորհրդի քարտուղար, ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին եւ անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, հետախուզության ծառայության ղեկավար Շալվա Լոմիձեն եւ պաշտպանության ուժերի հրամանատար Գեորգի Մատիաշվիլին:
Բացի այդ, Անվտանգության խորհրդի նիստին հրավիրված են եղել պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Իրակլի Բերայան եւ պաշտպանության ուժերի ռազմական հետախուզության դեպարտամենտի ղեկավար Գեորգի Բլիաձեն: