ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով
Դեկտեմբերի 14-ի նիստում Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,5 տոկոսային կետով՝ սահմանելով 7,75 %: Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9,25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 6,25 %։
Վերջին մեկ տարվա ընթացքում` 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից դարձնելով 7,75 %: Միայն նախորդ ամիս՝ նոյեմբերի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը անփոփոխ էր թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Տոկոսադրույքը բարձրացնելով, կենտրոնական դրամատունը փորձում է զսպել գնաճը։
Մինչ 2020-ի դեկտեմբերի 15-ը, վերջին երեք տարում Կենտրոնական բանկը մշտապես նվազեցնում էր վերաֆինասավորման տոկոսադրույքը՝ նպատակ ունենալով առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում: