ՌԴ խաղաղապահները Ղարաբաղի կարիքավոր բնակիչների համար 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր վերաբնակիչների եւ բազմազավակ ընտանիքների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Նախօրեին մարդասիրական բեռը հավաքել են Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունները եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել Երեւան, իսկ այնտեղից էլ ռուսական խաղաղապահների շարասյան կազմում տեղափոխվել Ստեփանակերտ:
«Այսօր մեր սպաները բերել են մարդասիրական բեռ, որը Մոսկվա քաղաքից ժամանել է ռազմական տրանսպորտով, որից հետո իրականացվել է երթ Էրեբունի օդանավակայանից մինչև Ստեփանակերտ։ Բեռը գտնվում է Ստեփանակերտում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պահեստում, այստեղ է ժամանել 5 հազար խաղալիք՝ երեխաներին նոր տարվա նվերներ ապահովելու համար, նախատեսվում է բերել եւս 5 հազար դեկտեմբերին: Բացի այդ, բերվել է բնակավայրերի մանկապարտեզների համար նախատեսված կահույք։ Այս ամենը հնարավոր է եղել անել "Մերսի" բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի շնորհիվ, նրանց հետ համատեղ իրականացվեց բեռների առաքում», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը ։
Մարդասիրական օգնության կազմում են բերվել 5 հազար երեխաների համար նախատեսված ամանորյա մանկական խաղալիքներ, մանկապարտեզների համար նախատեսված կահույք, տաք սպիտակեղեն, կարիքավորների համար նախատեսված հագուստ եւ կոշիկ, ինչպես նաեւ դպրոցականների համար նախատեսված Գրենական պիտույքներ: