Հայաստանում ներդրումային հնարավորությունները ներկայացվեցին նիդերլանդացի գործարարներին
Նոյեմբերի 29-ին դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց Միջազգային Քրիստոնեական խորհրդի կողմից կազմակերպված գործարարների հետ աշխատանքային ճաշին։
Դեսպան Բալայանը գործարարներին ներկայացրեց հայ-նիդերլանդական հարաբերությունների պատմությունը, Նիդերլանդներում հայկական դարավոր ներկայությունը, առկա առևտրատնտեսական համագործակցությունը և դրանց ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը։
Talenting Investment ընկերության նախագահ Խայս Վիլեմ Սլոֆը նիդերալանդացի գործարարներին պատմեց իր կողմից Հայաստանում կատարված ներդրումների և դրանց արդյունավետության մասին և քաջալերեց հետևել իր օրինակին։
Միջոցառման կազմակերպիչ Միջազգային Քրիստոնեական խորհրդի նախագահ Հենկ Յան ֆան Սխոթհորստը ներկայացրեց հայ և նիդերլանդացի ժողովուրդների հոգևոր և մշակութային կապերը, ինչպես նաև իր ղեկավարած կառույցի կողմից իրականացվող աշխատանքները։
Ի գնահատանք հայ-նիդերլանդական կապերը զարգացնելու ուղղությամբ Խայս Վիլեմ Սլոֆի և Հենկ Յան ֆան Սխոթհորստի ջանքերի դեսպան Բալայանը վերջիններիս հանձնեց Հայաստանի և Նիդերլանդների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ թողարկված նամականիների առաջին օրինակները։
Հանդիպմանը քննարկվեց Հայաստան գործարար առաքելություն կազմակերպելու հնարավորությունը։