ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանությունում առանձնազրույց են ունեցել բերման ենթարկվածների հետ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ կապված այսօր Երևանում քաղաքում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներին, այդ թվում՝ փաստաբան Արա Զոհրաբյանին բերման և վարչական ձերբակալման ենթարկելու հետ:
Տեղի է ունեցել առանձնազրույցներ Արա Զոհրաբյանի և մյուս բերման ենթարկվածների հետ, ուսումնասիրվել են վարչական ձերբակալման տեսանյութերը:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ օրենքից չէր բխում այսօր Արա Զոհրաբյանին վարչական ձերբակալման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության գործողությունները՝ առանց ազատությունից զրկելու հիմքերը բացատրելու, նվազագույն իրավունքները պարզաբանելու (փաստաբանի, լռելու և այլ իրավունքներ), անհամաչափ ուժի կիրառությամբ: Անթույլատրելի էր նաև ձևը, որով ձերբակալվել է Արա Զոհրաբյանը:
Այս հարցերով Մարդու իրավունքների պաշտպանի ինչպես այսօրվա, այնպես էլ տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ վարչական ձերբակալման ու բերման ենթարկելու այս խնդրահարույց պրակտիկան ունի լայն տարածում: Այն կիրառվել է այսօր նաև ակցիա իրականացնող այլ անձանց նկատմամբ:
Այս պրակտիկան պետք է բացառվի. վարչական ձերբակալման և բերման ենթարկելու կամ որ նույնն է՝ ազատությունից զրկելու ցանկացած դեպք անօրինական է, եթե չեն ապահովվում ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքները: