24.11.2024
ՄԻՊ ներկայացուցիչները ոստիկանությունում առանձնազրույց են ունեցել բերման ենթարկվածների հետ
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազը Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերում անցկացրել է աշխատանքային քննարկումներ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Արցախի Հանրապետություն:

Այցի շրջանակներում Արթուր Դավթյանը ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Քննարկվել են 2020թ. պատերազմից հետո Արցախում իրավակարգի ապահովման, արցախցիների հումանիտար, առաջնային իրավունքների պաշտպանության, հակառակորդի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով շփման գծին հարակից շրջանների հայ ազգաբնակչության կյանքի, բնական կենսագործունեության համար առաջացած ռիսկերի չեզոքացման, այս նպատակով ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցության իրավական ասպեկտներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նոր մարտահրավերների համատեքստում ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների միջև գործակցության հիմնական առաջնահերթություններին, ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու ուղղությամբ ՌԴ դատախազության միջնորդությամբ տարվող աշխատանքներին:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը Ստեփանակերտում ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կամո Վարդանյանի, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի, զինվորական դատախազության կայազորների դատախազների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության ներկայացուցչի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային քննարկումներ:

Ընդհանուր գծերով վերլուծվել են հետպատերազմյան շրջանում զինված ուժերի ստորաբաժանումներում հանցավորության միտումներին, հանցագործությունների կանխման, զինծառայողների առաջնային իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները, կայազորների դատախազությունների ընթացիկ գործունեությունը, դատախազական գործառույթների իրականացման որակը և նախկինում առաջադրված խնդիրների լուծման ընթացքն ու արդյունքները:

Քննարկվել է հետպատերազմյան շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերով որակյալ քննությունների, դրանց նկատմամբ դատախազական հսկողության ապահովումը: Կարևորվել է ռուսական խաղաղապահ ուժերում ՌԴ դատախազության և Քննչական կոմիտեի ներկայացուցիչների հետ օպերատիվ կապի ապահովումը՝ ելնելով միջադեպերին արագ արձագանքման և տեղեկատվության փոխանակման եռակողմ կապի ապահովման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և ԱրՀ գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից:

Այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Արցախի դատախազության աշխատողի օրվա առթիվ հրավիրված ԱՀ դատախազության կոլեգիայի հատուկ նիստին:

Արթուր Դավթյանը շնորհավորել է արցախցի գործընկերներին մասնագիտական օրվա առթիվ և արժևորել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Արցախի դատախազության կատարած աշխատանքը, պարգևներ է հանձնել իրենց ծառայողական պարտականությունները բարեխիղճ և արդյունավետ կատարող դատախազներին:

ԱՀ դատախազության աշխատակցի օրվա առթիվ ՀՀ գլխավոր դատախազը նաև հանդես է եկել ուղերձով:
Արթուր Դավթյանը նաև այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր-պանթեոն և խոնարհումի, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանությանն իրենց կյանքը զոհաբերած նահատակներին: