Հայկական կողմին այսօր փոխանցված գերիները վերադարձվել են Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը:
- Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ է գործընթացը տեղի ունեցել, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։
- Տեղեկություններ կան, որ հայ գերին Բաքվում վիրահատվել է. Դուք, ի դեպ, ավելի վաղ նշել էիք, որ մեր գերին վիրավոր է:
- Այո, Մուրադովի Բաքու այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նա վիրահատվի, ինչպես նաև այն մասին, որ երբ առողջական վիճակը թույլ տա՝ նրան տեղափոխեն Հայաստան: Ինչը այսօր տեղի ունեցավ:
- Հայաստանը որևէ դերակատարում գերիների վերադարձի գործընթացում ունեցե՞լ է:
- Հայաստան պետություն, ես այդպես եմ կարծում, տվյալ պահին գոյություն չունի: Մենք պետք է այն ստեղծենք նորից:
- Պարոն Ավագյան, Դուք ի սկզբանե հայտարարել էիք, որ նոյեմբերի 16-ի ագրեսիայի արդյունքում 13 հայ է գերեվարվել, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ասուլիսում հնչեցրեց 24-ի մասին:
- Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է ՀՀ վարչապետը, երկրի ղեկավարը և ոչ թե լրագրող, հրապարակել չճշտված թիվ, հիմնվել օդում կախված լուրերի վրա: Իմ տեղեկությունը չի փոխվել:
- Ունե՞ք տեղեկատվություն, թե մնացած գերիները, որ գերեվարվել էին նոյեմբերի 16-ին, երբ կվերադարձվեն, բանակցություններ տարվո՞ւմ են:
- Այո, հնարավոր է. այս պահին բանակցություններ են վարվում Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ:
- Ինչ վերաբերում է զոհերի թվին...
- Զոհերի թիվը կճշտվի այն ժամանակ, երբ անհայտ կորածների ճակատագիրը պարզ կլինի: Կարող եմ ասել, որ ՀՀ-ն այս պահի դրությամբ չունի այդ թիվը:
- Պարոն Ավագյան, այսօր Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում է տեղի ունենալու: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
- Բնականաբար քննարկվելու է դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը:
- Իսկ փաստաթուղթ կստորագրվի՞:
- Չգիտեմ, թե բանակցություններն ինչով կավարտվեն:
- Հայաստանը Սյունիքով միջանցք Ադրբեջանին կտրամադրի՞:
- Տրանսպորտային միջանցք անշուշտ կտրամադրի, որի վերահսկողությունը մաքսային տեսանկյունից կիրականացնի Հայաստանի Հանրապետությունը, իսկ անվտանգությունը կապահովեն ՌԴ սահմանապահները:
- Նոր էսկալացիա սպասելի՞ է:
- Էսկալացիա ՀՀ սահմաններին մենք միշտ պետք է սպասենք, որովհետև քանի դեռ չի ստորագրվել խաղաղության պայմանագիրը, մենք գտնվում ենք Ադրբեջանի հետ պատերազմական վիճակում:
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ձգում ստորագրումը: Օրինակ, վերլուծական շրջանակներում նշում են, որ լավ հասկանում է, որ դա իր իշխանության վերջը կնշանակի:
- Իմ կարծիքով, դեռևս անհրաժեշտ են բանակցություններ, որ լիարժեք պայմանավորվածությունների գան, թե ինչպես է դա տեղի ունենալու:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Հայաստանին են վերադարձվել քաղաքացիներ Միհրան Էռնեստի Մուսայելյանը (ծնվ. 2000թ.) և Արեն Ժիրայրի Արամյանը (ծնվ. 1993թ.): Միհրան Մուսայելյանն Արցախի Մարտունու շրջանի Աշան համայնքի բնակիչ է։ Նոյեմբերի 23-ին նա մոլորվել էր և հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Լիա Խոջոյան