Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են դեկտեմբերին հանդիպել Բրյուսելում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցից հետո համաձայնել են դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել ԵՄ և Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:
«Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ Առաջնորդները համաձայնել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները», - նշվում Է փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երեքշաբթի Երևանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ և ներխուժել են երկրի տարածք։ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով՝ մեկ զինծառայող զոհվել է, 13-ը՝ գերեվարվել, 24-ի հետ կապը կորել է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած մարտերում զոհվել է 7 ադրբեջանցի զինվոր, վիրավորվել 10-ը, այժմ իրավիճակը կայուն է:
Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել իրավիճակի կայունացմանը: Օրվա ավարտին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ Շոյգուի հեռախոսազրույցների արդյունքում կողմերը դադարեցրել են մարտերը: