27.11.2024
Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար. Միրզոյան
prev Նախորդ նորություն

Հայ-չինական հարաբերություններում կա չօգտագործված ներուժ. Արմեն Գևորգյանը՝ ՉԺՀ դեսպանին

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:


Այս մասին տեղեկացնում է ԱԺ կայքը:


Ողջունելով դեսպանին` Արմեն Գեւորգյանն արդյունավետ եւ հեռանկարային է գնահատել բարեկամ Չինաստանի հետ համագործակցությունը, ընդգծել կայուն եւ խաղաղ տարածաշրջան ունենալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա անդրադարձել է նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած հերթական ագրեսիային` անթույլատրելի համարելով խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով:


Դեսպանն իր հերթին կարեւորել է տարածաշրջանում խնդիրների խաղաղ ճանապարհով կարգավորումը:


Զրուցակիցները գոհունակությամբ փաստել են` 2022 թվականին լրանում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, եւ անցած տարիների ընթացքում հայ-չինական հարաբերությունները եղել են բարեկամական, զարգացող եւ արդյունավետ: Սակայն, ըստ նրանց, դեռեւս կա չօգտագործված ներուժ տարբեր ոլորտներում:


Քննարկվել են երկկողմ հարաբերություններին եւ դրանց ընդլայնմանը, միջխորհրդարանական եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությանը, ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր:


Մտքեր են փոխանակվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:


Երկուստեք կարեւորվել է հետագա համագործակցությունը: