24.11.2024
ԱԱԾ. Մեծ քանակի զենք-ռազմամթերք ունեցող ահաբեկիչները ակնհայտ և անմիջական վտանգ են ներկայացնում
prev Նախորդ նորություն

Փոխոստիկանապետ. Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդ է հինգ ոստիկան

Այս պահի դրությամբ ՊՊԾ գնդում պատանդ է հինգ ոստիկան: Նրանց թվում են ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։

Հունան Պողոսյանի խոսքով՝ երկուստեք պահանջների առումով ոչինչ չի փոխվել, Ժիրայր Սեֆիլյանի հետ բանակցություններ չեն ընթանում։

«Փոխզիջումները պետք է լինեն երկուստեք: Բանակցում ենք մի խնդրի շուրջ՝ հանձնել պատանդներին, դադարեցնել իրավիճակի հետագա սրումը, հանձնվել իշխանություններին։ Փոխզիջումների գնալու տարբերակը պետք է լինի երկուստեք, և եթե իրենց կողմից լինի համապատասխան ադեկվատ քայլ, ապա այն կլինի նաև մեր կողմից»,- հավաստիացրել է Պողոսյանը:

Նշենք, ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, կալանավորված Ժիրայր Սէֆիլյանը պատրաստ է հանդիպել ունենալ նույնիսկ Սերժ Սարգսյանի հետ՝ հարցին լուծում տալու նպատակով: Նա նաև հանդես է եկել կոչով՝ հորդորելով ամեն գնով պետք է խուսափել արյունահեղությունից:

Հիշեցնենք, Ժիրայր Սեֆիլյանի մոտ 3 տասնյակ կողմնակիցներ, լուսադեմին «Կռազ» մակնիշի մեքենայով կոտրել են ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասները, ներխուժել, կրակոցներ արձակել եւ պատանդ են պահում այնտեղ եղած ոստիկաններին: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է մեկ ոստիկան, երկուսը՝ վիրավորվել:

Սեֆիլյանի կողմանկիցները պահանջում են ազատ արձակել արմատական ընդդիմադիր քաղաքական գործիչներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին ու Վոլոդյա Ավետիսյանին: Բացի այդ նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: