26.11.2024
Ոստիկանությունը կանխել է քրեական հեղինակությունների հանդիպումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
prev Նախորդ նորություն

Հայաստանը Ռուսաստանից ռազմական և դիվանագիտական օգնություն է ակնկալում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի իշխանությունները Ռուսաստանից ակնկալում են, որ նա, որպես ռազմավարական գործընկեր, օգնի սահմանին Ադրբեջանի վերջին գործողությունների հետ կապված խնդրի լուծմանը։ Այս մասին Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների ղեկավարների նիստի շրջանակում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է ռուսական «Կոմերսանտը»:


Այսպես է նա պատասխանել այն հարցին, թե ինչ օգնություն է ակնկալում Երեւանը՝ 1997 թվականի պայմանագրի շրջանակներում դիմելով Մոսկվային։


«Այժմ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվում են ադրբեջանական զինված ուժերը։ Դա ագրեսիայի ակտ է։ 1997թ.-ին Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվեցին նման դեպքերում փոխադարձ օգնել միմյանց։ Այդ կապակցությամբ մենք դիմել ենք Ռուսաստանին», - հայտարարել է Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով իր խոսքերը, թե Երևանը մտադիր է դիմել Մոսկվային 1997 թվականի պայմանագրի շրջանակներում օգնության համար։


«Մենք կողմնակից ենք, որ այդ խնդիրը լուծվի դիվանագիտական ճանապարհով: Բայց եթե դիվանագիտական ճանապարհով այն հնարավոր չլինի լուծել, ապա պետք է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով», - ասել է նա։


Ինչ վերաբերում է նրա խոսքերին, թե Մոսկվայի կողմից օգնության բացակայության դեպքում «Երեւանը կարող է դիմել (օգնության համար) նաեւ այլ միջազգային գործընկերներին», Գրիգորյանը «Կոմերսանտին» հավաստիացրել է, որ առաջնահերթության մեջ են հենց Ռուսաստանն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ): «Բայց եթե լուծում չգտնվի, մենք այլ հնարավորություններ էլ կդիտարկենք», - ասել է Հայկական Անվտանգության խորհրդի ղեկավարը՝ Չմանրամասնելով այդ հարցի շուրջ հետագա ճշգրտումները:


«Ռուսական կողմի ակտիվ մասնակցության շնորհիվ մարտական գործողությունները կանգ են առել, սակայն խնդիրը չի լուծվել, քանի որ ադրբեջանական ռազմական ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Բոլոր քարտեզներով, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, այդ բոլոր տարածքները Հայաստանի ինքնիշխան տարածքներն են», - մեկնաբանել է Գրիգորյանը սահմանի իրավիճակը։


Նա նաեւ հայտնել է, որ ԱՊՀ-ի նիստի շրջանակներում իր ադրբեջանցի գործընկեր Ռամիլ Ուսուբովի հետ ոչ մի շփում չի նախատեսվում: