Կապիտուլյացիոն իրավական փաստաթղթից հետո Փաշինյանը լուրջ խնդիրներ է ունենալու. Ենոքյան
Նիկոլ Փաշինյանը մինչ օրս խուսափում է կապիտուլյացիայի վերաբերյալ որևէ փաստաթուղթ ստորագրել, թեև որոշակի ճնշման տակ է: Այն, ինչ գոյություն ունի՝ տարբեր հայտարարությունները նոյեմբերի 9-ի, հունվարյան և այլն, դրանք միջազգային փաստաթղթեր չեն: Այս մասին «Պատերազմ և կապիտուլյացիա. մեկ տարի անց» թեմայով քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
Նա նշեց, որ հենց կապիտուլյացիոն փաստաթղթի համար Նիկոլ Փաշինյանը գնաց հունիսյան արտահերթ ընտրությունների, թեև այդ ժամանակ նրա իշխանությանը վստանգ գրեթե չկար: Պարզապես իրեն պետք էր լեգիտիմ խորհրդարան՝ կապիտուլյացիոն հայտարարության համար:
«Այն, ինչ կատարվում է՝ քայլ առ քայլ տարածքներ վերցնելը, ադրբեջանական ԶՈՒ մուտքը Հայաստան, ռուսական զորքերի մուտքը Հայաստան, բոլորը մի հայտարարության վրա հիմնված քայլեր են, որը, սակայն, իրավական արժեք չէ: Եվ ընտրությունների ամբողջ իմաստը հենց նրանում էր, որ պետք էր ունենալ ավելի լեգիտիմ, ներկայացուցչական խորհրդարան, որտեղ կլինի նաև ներկայացված փողոցային ընդդիմությունը, և որպեսզի այդ խորհրդարանը ի վերջո հաստատի կապիտուլյացիոն փաստաթուղթը»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ Փաշինյանը դեռ դիմադրում է ճնշումներին, շատ լավ հասկանալով, որ այդ փաստաթղթից հետո ինքը շատ լուրջ խնդիրներ է ունենալու և ոչ թե Հայաստանում, այլ այդ փաստաթղթից հետո այլևս անելիք չի ունենալու.
«Նրա հրաժարականի հարցն ավելի սուր է լինելու»,- վստահ է Ենոքյանը:
Բայց մինչ այդ գործընթացի ավարտը մենք ականատեսն ենք լինելու սողացող ագրեսիայի դրսևորումներին՝ չստորագրված, չհայտարարված փաստաթղթի համաձայն տարածքների հանձնմանը:
Նշենք, որ քննարկումը կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը: