25.11.2024
էլիտաները գոհ են Փաշինյանից, բայց նրանք ազգային ու պետական շահով չեն առաջնորդվում. կարծիք
prev Նախորդ նորություն

Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել. կարծիք

«Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն անդրադարձել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու որոշմանը՝ բարձրացնելով նրա և ԳՇ պետի պատասխանատվության հարցը:


«Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի։», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Բաղդասարյանը՝ նկատի ունենալով հայկական Զինված ուժերի դիրքերի թերի կահավորվածությունը, որը երևում է նոյեմբերի 14-ի միջադեպի մասին ադրբեջանական տելեգրամային ալիքներում տարածված տեսանյութերում:


Այնուհետև Բաղդասարյանը հարց է բարձրացնում՝ գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսեւորում է: «Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է», - ասված է նրա գրառման մեջ:



Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Արշակ Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:


Այնուհետև Փաշինյանը նոյեմբերի 15-ի Անվատնգության խորհրդի նիստում ներկայացրել է Կարապետյանին նախարարի պաշտոնից հեռացնելու պատճառը: Փաշինյանի մատնացւյց է արել նոյեմբերի 15-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: «Այս որոշումը (պաշտոնանկության որոշումը) կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում», - նշել է նա:


Արևելյան սահմանագծին նոյեմբերի 14-ին, ըստ Անվտանգության խորհրդի հայտնած տեղեկատվության, ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:


«ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ», - ասված է հաղորդագրության մեջ: