Մինսկի խմբի հայտարարությունը՝ ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ-ների հանդիպման արդյունքներով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Հովաևը ՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆեյը՝ Ֆրանսիայից) նոյեմբերի 10-ին Փարիզում առանձին հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:
Համանախագահները ԱԳ նախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրապարակել են հետևյալ հայտարարությունը․
«Համանախագահները և արտգործնախարարները շարունակել են Նյու Յորքում սկսված քննարկումներն ապաէսկալացման ուղղությամբ հնարավոր մի շարք միջոցառումների և այդ գործընթացում հետագա քայլերի վերաբերյալ, ներառյալ այդ ձևաչափով ապագա հանդիպումները և համանախագահների ենթադրյալ այցը տարածաշրջան: Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։
Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու կարևորությունը, ներառյալ, մասնավորապես, ձերբակալվածներին, ականազերծմանը, անհետ կորածներին, տեղահանված անձանց կամավոր վերադարձին և պատմական ու մշակութային օբյեկտների պաշտպանությանը, և կոչ են արել կողմերին անսահմանափակ հասանելիություն տրամադրել միջազգային մարդասիրական կազմակերպություններին: Համանախագահները նաև ընդգծել են սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից խուսափելու կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը ՝ ուղղված կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համապարփակ լուծումներ գտնելուն՝ իրենց մանդատին համապատասխան: