25.11.2024
Անցկացվել են ՀՕՊ պարապմունքներ
prev Նախորդ նորություն

Այսօր բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս. Արթուր Թովմասյան

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել՝ 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցի կապակցությամբ:


«Սիրելի´ հայրենակիցներ


2020թ․ նոյեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացել էր ընդամենը մի քանի 100 մարդ և նրանց համար միևնույն էր մեռնել հայրենիքի համար, թե ապրել հանուն նրա։


Այսօր լրանում է այդ օրվա մեկ տարին:


Օրվա առիթով ԱՀ ԱԺ 5 խմբակցություններ որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝ որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։


1992-94 թթ․արցախյան գոյամարտում հայ ազգը ցույց տվեց իր միասնականության ուժը, կարողացավ կասեցնել հակառակորդի ագրեսիան և ազատագրել հայկական տարածքների մեծ մասը։1994թ․ մայիսի 12-ին հաստատված անժամկետ զինադադարը, թեև խախտումներով և մարդկային կորուստներով, պահպանվեց մինչև 2016թ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։


Ապրիլյան պատերազմով Ադրբեջանը կրկին բացահայտ ցույց տվեց արցախահայության ոչնչացմանն ուղղված իր անմարդկային և հայատյաց նպատակները։


Եվ վերջապես ադրբեջանական նենգ ու բարբարոս քարոզչամեքենան և իշխանական գործիքակազմը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ 2020թ․ աշնանը սանձազերծած արյունոտ պատերազմով փորձեցին ավարտին հասցնել ազգակործան, Արցախի բնիկ հայության ոչնչացման վաղեմի ծրագիրը։


Սակայն, շնորհիվ մեր ազգի քաջազուն զավակների, այսօր, թեպետ մկրատված, բզկտված, բայց ունենք Արցախ հայրենիքի մի փոքր մաս։


Արցախյան 3 պատերազմները, ցավոք, հարստացրին հայրենանվեր նահատակների աստղաբույլը։ Նրանք անմահացան, որպեսզի կանգուն ու ամուր մնա մեր հայրենիքը։


2020թ․ ցավալի պատերազմից հետո միշտ պետք է հիշենք, որ ազգի լավագույն, անձնուրաց , հերոս տղաներն իրենց կյանքը տվեցին և իրենց կյանքի գնով պաշտպանեցին մեր հայրենիքի այս փոքրացած մասը։


Նրանց բոլորի թողած պատգամը թերևս մեկն է՝ ապրել,արարել, հզորանալ այս հողի վրա։ Ուստի պետք է ապրելով հաղթահարենք այդ ցավը, ապրելով հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի հավերժ ապրի նաև մեր հերոսների անունն ու գործը։


Խնկարկում և ոգեկոչում ենք հերոս նվիրյալների սուրբ հիշատակը և խոնարհվում նրանց հուշաքարերի ու հարազատների առջև",- ասված է հայտարարության մեջ։